Մաքսային միությանն անդամակցության դեմ ցույցի մասնակիցները ցրվել են Հանրապետության հրապարակի մերձակա տարածքից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում դեկտեմբերի 2-ին սկսված ցույցի մասնակիցները, կեսօրին հանգրվանելով մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին մերձակա տարածքում, ժամը 16:00-ի սահմաններում ցրվել են: Ցույցի մի շարք մասնակիցներ ցրվելուց առաջ ցանկություն են հայտնել խումբ-խումբ գնալ Նախագահի նստավայրի մոտ, ինչը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեմ ցույց է սկսվել:Ցուցարարների խումբը Հանրապետության հրապարակում նամակ է հանձնել ՀՀ կառավարությանը, որով դժգոհություն են հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նամակը հանձնելուց հետո նրանք ցանկացել են Ամիրյան փողոցով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն հանդիպել են ոստիկանների կազմած կենդանի պատին և փոխել են ուղղությունը դեպիՍախարովի հրապարակ: Այդտեղից ցուցարարների խումբը հանգրվանել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանինհարակից տարածքում և այնուհետ՝ ցրվել: Ցույցի պատճառով ժամանակավորապես խաթարվել է մի շարք փողոցների երթևեկությունը:
Մի քանի հարյուր մասնակից ունեցող ակցիային մասնակցել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ-ից` Նիկոլ Փաշինյանը: Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 110 անձինք: