Հասարակական

Ռուսաստանից կատարվել է ամենամեծ նվիրատվությունը «Հեռուստամարաթոն 2013» դրամահավաքին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանից կատարվել է ամենամեծ նվիրատվությունը «Հեռուստամարաթոն 2013» դրամահավաքին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013» դրամահավաքին ամենաշատ նվիրատվություն եւ նվիրատվության խոստում կատարվել է Ռուսաստանից` 12 միլիոն 150 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքից: ԱՄՆ Արևմտյան շրջանը (Լոս Անջելես) նվիրաբերել է 2 միլիոն ԱՄՆ դոլար, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Բելգիան (Համաեվրոպական հեռախոսամարաթոն)` 1 միլիոն 984 հազար ԱՄՆ դոլար, Հայաստանը` 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար, Արցախը` 1 միլիոն ԱՄՆ դոլար, ԱՄՆ Արևելյան շրջանը (Նյու Յորք)` 1 միլիոն ԱՄՆ դոլար, Արգենտինան` 700 հազար ԱՄՆ դոլար, Տորոնտոն` (Կանադա) 225 հազար ԱՄՆ դոլար, Բրազիլիան` 170 հազար ԱՄՆ դոլար, Մոնրեալը (Կանադա)` 120 հազար ԱՄՆ դոլար, Լիբանանը` 100 հազար ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիան` 100 հազար ԱՄՆ դոլար, Իրանը` 60 հազար ԱՄՆ դոլար, Ավստրիան` 10 հազար ԱՄՆ դոլար:

16-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվեց ավելի քան 22 միլիոն 661 հազար 372 դոլար: Համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն այս տարի Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցումն է: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կձգվի 116 կմ, նոր ճանապարհի տակ կտեղադրվեն ջրահեռացման համակարգեր` անձրևաջրերից քայքայվելուց ճանապարհը պաշտպանելու համար: Վաթսուն տոննա բեռնատարողոնակության համար նախատեսված ճանապարհին մերձակա լեռնալանջերը կամրացվեն: Կկառուցվեն արտաքին և ներքին արգելապատնեշներ, մի դեպքում` ժայռի և ճանապարհի միջև` քարաթափերից պշտպանելու համար, մյուս դեպքում` ճանապարհի և ձորերի միջև: Ճանապարհի երկայնքով կգտնվի 30 գյուղ, կանցկացվեն ճանապարհային 16 կամուրջներ: Մինչ հեռուստամարաթոնն անցկացված դրամահավաք-ճաշկերույթների, հեռախոսամարաթոնների, փոստային հանգանակությունների միջոցով հավաքված գումարներն էլ կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի, ինչպես նաեւ Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում