Ոստիկանության բարեփոխումներին նվիրված համաժողովն ավարտել է աշխատանքը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովը նոյեմբերի 27-ին շարունակել է իր աշխատանքը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, համաժողովի երկրորդ օրվա օրակարգը բաղկացած էր երեք բաժնից:
«Ոստիկանության հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրով նիստում զեկուցողներն անդրադարձել են ոստիկանության հաշվետվողականության հասկացությանը, հաշվետու և թափանցիկ ոստիկանություն ձևավորելու կարևորությանը, ոստիկանության հանդեպ ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում ներկայացրել է խորհրդարանական վերահսկողության հիմնախնդիրները:

Ոստիկանության հաշվետվողականության ու թափանցիկության ոլորտում Հայաստանի փորձին, մասնավորապես՝ նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի գործունեությանը, հակակոռուպցիոն ծրագրերին և ներքին վերահսկողության կազմակերպմանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին ներկայացրել է կենտրոնի դերը հաշվետվողականության և բարեվարքության զարգացման հարցում:

Զեկույցներում արծարծված խնդիրների քննարկումից հետո համաժողովի մասնակիցներն անցել են երկրորդ բաժնին, որը նվիրված էր ոստիկանական կրթության հիմնախնդիրներին: Քննարկվել են այնպիսի կրթական համակարգի ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը, որտեղ ոստիկանության աշխատակիցները կստանան ժամանակի պահանջներին համապատասխանող պատրաստություն:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի գլխավոր խորհրդական Նեվենկա Տոմիչն իր զեկույցում անդրադարձել է մասնագիտական կրթության հիմնարար նշանակությանը ժամանակակից ոստիկանական ծառայության ձևավորման գործում:Այս բնագավառում Հայաստանի փորձը ներկայացրել է Ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական զարգացման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, վրացական փորձը՝ Վրաստանի ակադեմիայի զարգացման և միջազգային համագործակցության բաժնի պետ Միխեիլ Գելաշվիլին:

«Հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ» բաժնում հիմնական քննարկման թեման էր ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հարցում համայնքային ոստիկանության նշանակությունը:Զեկույցներով հանդես են եկել ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը: Ոստիկանության հանդեպ հանրային վստահության վերաբերյալ հարցումների արդյունքները ներկայացրել է «Կրիմինոլոգների հայկական ասոցիացիայի» նախագահ Աննա Մարգարյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի, ԵԱՀԿ Քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնիի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուի ամփոփիչ ելույթներով ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովն ավարտել է իր աշխատանքը: