Հասարակական

Արաբ շեյխը վերականգնեց Հաղարծինը. Ֆրանսպրես

3 րոպեի ընթերցում

Արաբ շեյխը վերականգնեց Հաղարծինը. Ֆրանսպրես

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի միջնադարյան եկեղեցաշինության գլուխգործոցներից մեկը՝ Հաղարծինը, արաբ շեյխի հովանավորությամբ վերակառուցվեց և բացեց իր դռները զբոսաշրջիկների առջև։ Փլուզված գմբեթով և ճաքած պատերով հայկական եկեղեցական համալիրը տարիներ շարունակ չէր վերանորոգվում ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Սակայն Հայաստան ժամանած շեյխ Սուլթան բեն Մոհամեդ ալ Քասիմին, տեսնելով համալիրը, որոշում է հովանավորել դրա վերակառուցումը։

«Ես չեմ կարողանում պատմության մեջ հիշել նման դեպք։ Արաբ շեյխը օգնում է վերականգնել հայկական եկեղեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆրանսպրես» գործակալության թղթակցին պատմել է քահանա Արիստակես Այվազյանը։ Նա վստահեցրել է, որ տարիներ շարունակ եկեղեցիները անմխիթար վիճակում էին և «աստվածային միջամտություն էր հարկավոր դրանք փրկելու համար»։ «Առանց կասկածի` Աստված է շեյխին Հաղարծին ուղարկել»,- նշել է հոգևորականը։

Շեյխին Հայաստան ուղեկցած գործարար Վարուժ Ներգուզյանը հիշել է, որ ալ Քասիմին Հայաստան էր հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «2005թ.-ին նա ժամանեց Հայաստան և մեծահոգորեն առաջարկեց վերանորոգել համալիրը»,- պատմում է Շարժայում ապրող հայ գործարար Վարուժ Ներգուզյանը։ Նա հրաժարվել է ասել, որքան գումար է տրամադրել շեյխը համալիրի վերականգնման համար, սակայն տեղական ԶԼՄ-ները գրում են, որ խոսքը գնում է 1,7 մլն դոլարի մասին։ «Դա ոչ միայն շեյխի մարդասիրության, այլև տարբեր կրոնների հանդեպ հարգանքի ապացույցն է»,- ասել է Ներգուզյանը։

Եկեղեցում մոմ վաճառող Արտակ Սահակյանը հիշում է, որ շեյխը եկել էր իր 10 ուղեկցողներով և բավական երկար ժամանակ ուսումնասիրում էր եկեղեցիներն ու խաչերը։ «Նա ասաց, որ հավատում է՝ այստեղ լսելու է Աստծու ձայնը»,- պատմել է Սահակյանը։

Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի՝ մոտ 250 հոգևորականներով։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Հաղարծնի համալիրի երկու եկեղեցիները արդեն հաշվառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային արժեքների շարքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում