Բելառուսը պատրաստակամ է Հայաստանում կազմակերպել գյուղտեխնիկայի արտադրություն. դեսպան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսական կողմը պատրաստակամ է կազմակերպելու բելառուսական գյուղտեխնիկայի արտադրություն Հայաստանում արդյունաբերական որևէ ձեռնարկության բազայի հիմքի վրա և ստեղծելու այդ տեխնիկայի սպասարկման համար լիցենզավորված կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, այս մասին գյուղնախարար Սերգոր Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն՝ անդրադառնալով առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստի արձանագրությամբ նախատեսված, գյուղատնտեսությանը վերաբերող կետերին։ Դեսպանը նաև ցանկություն է հայտնել աջակցելու ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը և առաջարկել է քննարկել 2014թ. ընթացքումերկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարն ընդունել է դեսպանի առաջարկը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու դրանց իրականացման ուղիները:
Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է բելառուսական արտադրության տրակտորների՝ Հայաստան ներկրելու կարևորությունը, ինչը հնարավորություն է տվել հայ ֆերմերներին ձեռք բերելու որակյալ և մատչելի գյուղտեխնիկա: Նա նաև տեղեկացրել է, որ տրակտորները հաջողությամբ շահագործվում են Հայաստանում, և նպատակահարմար է 2014թ. առաջին եռամսյակում նույնպես կազմակերպել տրակտորների որոշ խմբաքանակի ներկրում Հայաստան:
Կողմերը նշել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Գյուղատնտեսության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը, առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելու և գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը: