Իրավունք

Վարդան Պետրոսյանի պաշտպանն առաջարկում է գործը հաշտության ճանապարհով տանել

3 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի պաշտպանն առաջարկում է գործը հաշտության ճանապարհով  տանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Վարդան Պետրոսյանի շաhերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարանի կարծիքով` մեղադրող կողմն իր գործողություններով երկու կողմերին հրահրում է միմյանց դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Փաստինֆո»-ն, մեղադրող կողմն ուզում է, որ երկու կողմերը դուրս գան իրար դեմ, ու իրենք էլ ասեն, որ սա ապացույցի տեսակ չէ: «Ես ուզում եմ, որպեսզի այս գործը գնա դեպի հաշտություն. եթե դա քննիչը չի հասկանում, ես դա ընբռնում և հասկանում եմ: Ես ուղղակի այդ մարդկանց վիճակն եմ պատկերացնում. մի ընտանիքի, որը 2 երեխա է կորցրել, ներկայացնում են եղելությունը ոչ այնպես, ինչպես տեղի է ունեցել իրականում»,- ասել է փաստաբանը` հավելելով, որ ինքն անձամբ պատրաստ է հանդիպել, և արդեն իսկ նման առաջարկ է արել տուժողներին:

«Ես առաջարկել եմ տուժողի ներկայացուցիչներին` նստենք սեղանի շուրջ, ցույց տամ իրականում ինչ է եղել: Եվ իրենք էլ մի քիչ իրենց հիշողությունը լարեն, ու միասին հասնենք ճշմարտության»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Դերասանի պաշտպանը նաև փոխանցել է, որ իր այդ տեսակետը կիսում է նաև Վարդան Պետրոսյանը, ով ինքն էլ պատրաստակամություն է հայտնել հանդիպել տուժողների հետ: «Վարդան Պետրոսյանն ասաց` եթե ես դուրս գամ, քայլ անենք, նստենք բոլորս միասին և լուծում գտնենք այս հարցին»,- հայտնել է փաստաբանը` ավելեցնելով, որ տեղի ունեցած դժբախտ պատահարի համար իրենց մեղքի բաժինն ունեն նաև պետական մարմինները:

«Տվյալ ճանապարհը սխալ է կազմակերպված: Մարդը, բաց թողնելով դեպի Աշտարակ տանող ճանապարհը, ուղիղ գնալով, այլևս չի կարողանում այդ ճանապարհի վրա դուրս գալ: Նշան չկա, որ դեպի Աշտարակ է գնում, ծառերն այնպես են փակում`չի երևում, թե ճանապարհի որ հատվածից պետք է աջ թեքվել: Եթե մեծ արագությամբ գալիս է, չի կարողանում մտնել աջ թեքվող հատված»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Հոկտեմբերի 20-ին` ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին`1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Վթարի ենթարկված Տաթեւ Հակոբյանը դեռեւս հիվանդանոցում է: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում