Արցախը հայկական հող է, և ոչ մի ադրբեջանցի այնտեղ չի էլ հիշատակվել. Կիմ Բակշի
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավոր գրող, հայագետ, հայասեր Կիմ Բակշին Հայաստանի ու հայ ժողովրդի մասին պատմող նոր գիրք է ստեղծել: Արցախի պատմությանը, երկրի գեղատեսիլ վայրերին և պատմամշակութային կոթողներին նվիրված «Արցախի հոգևոր հարստությունները» գիրքն օրերս ներկայացվեց հանրությանը: Բացի նկարագրություններից, նոր գրքում զետեղված են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի լուսանկարները: Բակշին շուրջ 7 տարի աշխատել է այս գրքի վրա: Արդյունքում ծնվել է Արցախի հարստությունները ներկայացնող այս «հանրագիտարանը»: Թերթելով այս նկարազարդ գիրքը` կարծես ճամփորդում ես Արցախի տարածքով, հիանում երկրի նիստուկացով, գեղեցկությամբ, մտովի տեղափոխվում ես Ղարաբաղ: «Արմենպրես»-ի թղթակիցը հայագետի հետ երևակայական ճամփորդություն կատարեց և պարզեց նոր գրքի ստեղծման մանրամասները, շարժառիթը, ինչպես նաև զրուցեց Բակշիի հետ հայ ժողովրդի նկատմամբ նրա սիրո և հոգևոր կապի վերաբերյալ:

- Կիմ Նաումովիչ, ինչպե՞ս ծնվեց Ձեր նոր` «Արցախի հոգևոր հարստությունները» գիրքը: Որքա՞ն ժամանակ եք նվիրել այս գրքի ստեղծմանը:
-Նախ նշեմ, որ գրքի գաղափարն ինձ տվել է մի հրաշալի կին `Գրետա Միրզոյանը, ով ժամանակին ղեկավարում էր զինվորների մայրերի կոմիտեն: Այնուհետև մի քանի տարի առաջ ես մասնակցեցի լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի` Շուշիին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին: Ի դեպ, նրա բոլոր այդ լուսանկարները զետեղված են այս գրքում: Լեռնային Ղարաբաղի նախագահներ Արկադի Ղուկասյանը, այնուհետև Բակո Սահակյանը հորդորեցին, որպեսզի ես ստեղծեմ Արցախի հարստությունները ներկայացնող այս գիրքը: Դրանից հետո մենք սկսեցինք փնտրել հովանավորների, որպեսզի գիրքը լույս տեսնի: Միայն տպարանը գիրքը ստեղծելու համար 30 հազար դոլար գումար վերցրեց մեզնից: Այնուհետև Արցախի իշխանությունն ինձ գումար տրամադրեց` Եվրոպայով ճամփորդելու համար: Ես Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում Արցախի մասին գրքեր էի ուսումնասիրում: Օրինակ` ԱՄՆ-ում գտա Գանձասարի Կարմիր ավետարանը և այն քչերից մեկը դարձա, ում հնարավորություն ընձեռվեց այն ուսումնասիրել: Այս գիրքն առաջին հերթին ասում է, որ Արցախը համաշխարհային նշանակության պատմամշակութային վայր է և հայկական հող: Ոչ մի ադրբեջանցի անգամ չի էլ հիշատակվել և եղել այնտեղ: Այն հոգևոր մեծ կենտրոն է: Գրքի ստեղծման գործում ինձ աջակցել են Սարկիսով ընտանիքը, Սերգեյ Համբարձումյանը և Սուրեն Սարգսյանը: Գիրքն ստեղծել եմ մոտ երկու տարում:

- Հայաստանի մասին շատերն են գրքեր գրել, բայց ոչ ոք մեր երկրին չի նվիրել 7 գիրք: Սա Հայաստանի հետ Ձեր հոգևոր կապի վկայությունն է:
- Դե 50 տարին մի ամբողջ կյանք է: Իմ գրած ամեն մի գիրք իր պատմությունն ունի: Կարծում եմ, որ այսքան գիրք Հայաստանի մասին նույնիսկ հայ գրողները չեն գրել: Գրքեր գրելու համար մշտապես ինչ-որ պատճառներ են եղել: Օրինակ` առաջին գիրքս` «Արծիվ և սուր» գործն ընդհանրապես սիրո խոստովանություն էր Հայաստանի նկատմամբ: Երբ սկսում էի գրել, չէի մտածում, թե քանի գիրք կգրեմ, սակայն երբ թիվն հասավ 6-ի, մտածեցի, որ յոթերորդն էլ կլինի: Ինձ երբևէ ոչ ոք չի պատվիրել գիրք գրել, բացի այս վերջինից: Ես գրել եմ պարզապես սիրելով Հայաստանը: Հայերն ասում են. «Տաշած քարը գետնին չի մնա» : Ես հենց այդպես էի մտածում: Ուրախ եմ, որ այս գիրքը լույս է տեսել: Երջանիկ եմ, որ այն հայերեն և անգլերեն պետք է թարգմանվի:
- Ձեզ հավանաբար հաճախ են հարցնում` ինչպե՞ս սիրեցիք Հայաստանը:
-Երբ 50 տարի առաջ առաջին անգամ Հայաստան եկա, քիչ գիտեի ձեր երկրի մասին: Գիտեի, որ այն արևոտ երկիր է, և այստեղ է գտնվել աշխարհի ամենահին` Ուրարտու պետությունը: Մոսկվայում սիրում էինք հայկական երեքաստղանի կոնյակը, որն այժմ, ցավոք, չկա: Այդ տարի Հայաստան եկա որպես Վախթանգ Անանյանի հյուր, ով ինձ տարավ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, ծանոթացա Վազգեն Ա-ի հետ, ով ինձ շվեյցարական ժամացույց նվիրեց: Ի դեպ, հիմա էլ հայկական տառերով ժամացույց եմ կապում (ժպտում է): Այդ ժամանակ ծանոթացա Սիլվա Կապուտիկյանի և Սոս Սարգսյանի հետ: Հաճախ էինք հանդիպում: Նրանց կորուստն ինձ համար շատ ցավալի էր: Հետո ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ սկսեցինք «Մատենադարան» ֆիլմը նկարահանել:

-Ձեր 20-մասանոց ֆիլմով և գրքերով Դուք մեզնից շատերին ստիպեցիք սիրահարվել մեր իսկ սեփական մշակույթին:
-Գիտեք, գրքի շնորհանդեսի ժամանակ Զորի Բալայանը նշեց, որ անհրաժեշտ է Մատենադարանին նվիրված ֆիլմը տարվա մեջ գոնե մեկ անգամ ցույց տալ հեռուսատատեսությամբ: Համաձայն եմ նրա հետ, որովհետև համարում եմ, որ այս ֆիլմը հայկական հոգու հանրագիտարան է: Ես կարծում եմ, որ աշխարհում ոչ մի այլ ժողովուրդ չկա, որ նման մշակույթ ունենա: Եվ ինչու՞ հայերը չպիտի հպարտանան իրենց մշակույթով:
- Դուք այն եզակի մարդկանցից եք, որ ամեն ինչ գիտեք Մատենադարանում եղածի և Մատենադարանի մասին: Որո՞նք են, ըստ Ձեզ, Մատենադարանի ամենաարժեքավորներ ցուցանմուշները:
-Առաջին հերթին Վեհամոր ավետարանը, որի վրա երդվում են ձեր նախագահները: Մյուսը` Թորոս Ռոսլինի մանրանկարներով գիրքը: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, այստեղ ոչ մի Ռոսլին չկար, իսկ հիմա նույնիսկ երկու հատ կա` Ռոսլինի ամենավաղ և ամենաուշ շրջանի գործերը: Մի ժամանակ դրանցից մեկը Երուսաղեմում վաճառքի էր հանվել: Հայության շրջանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացավ, և մեր կաթողիկոս Վազգենը մեկնեց այնտեղ: Երուսաղեմում ստիպված եղան նվիրել նրան Ռոսլինի գրքերը: Ռոսլինի մնացած հինգ գրքերը մինչ օրս պահվում են Երուսաղեմում. ամենաշատն այնտեղ ձեռագրեր ունենք: ԱՄՆ-ում, օրինակ, Ռոսլինի երկու գիրք կա: Երբ Երուսաղեմում եմ լինում, ինձ չեն թույլատրում դիտել գրադարանը, որովհետև գիտեն, որ շատ լավ ծանոթ եմ իրենց ձեռագրերին: Իսկ եթե հանկարծ այնտեղ ինչ-որ բան արդեն չկա՞… Գուցե դրա համա՞ր են խուսափում և ինձ ներս չեն թողնում: Մի դեպք հիշեցի: Վերջերս պարզվեց, որ ամերիկացի գործարար Փոլ Գետտին ունի Ռոսլինի գրքից էջեր: Հայերը դատի տվեցին նրան, որպեսզի նա Հայաստանին վերադարձնի այդ էջերը: Մենք Հակոբ Բերբերյանի հետ կարողացանք տեսնել, և դեռ ավելին` լուսանկարել այդ էջերը: Պարզվեց, որ դրանք պոկված են Երևանում եղած Ավետարանից: Սակայն չեմ կարծում, որ Գետտին կվերադարձնի այդ ձեռագրերը Հայաստանին:

-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, նոր գրքի գաղափար կա՞: Ե՞րբ կրկին կվերադառնաք Հայաստան:
-Ոչ մի ծրագիր չունեմ, ուզում եմ հանգստանալ: Գարնանը կրկին կգամ այստեղ և Արցախում կներկայացնեմ այս գիրքը: Ուզում եմ ապրել մինչև գարուն: Արդեն 82 տարեկան ծերունի եմ, պետք է օրերս հաշվեմ: Երբ ինձ 5 տարվա անձնագիր էին տալիս, ասացի, որ դեռ պետք է այդ մի քանի տարին ապրել: Ախր, ես հավերժ ապրելու ցանկություն չունեմ:
Ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Նաումի Բակշին ծնվել է 1931 թվականին, Մոսկվայում: Հայագիտությամբ է զբաղվում 1964 թվականից։ Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ։
Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի