Իրավունք

Ազնավուրի կոչով Վարդան Պետրոսյանի գործով հետաքրքրված ավելի քան 5 հազար մարդ է միացել խնդրագրին

3 րոպեի ընթերցում

Ազնավուրի կոչով Վարդան Պետրոսյանի գործով հետաքրքրված ավելի քան 5 հազար մարդ է միացել խնդրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցի վերանայման խնդրագիրն արդեն ավելի քան 5 հազար ստորագրություն է հավաքել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խնդրագրին միացողների թիվը փոխվում է յուրաքանչյուր րոպե, եւ 14:00-ի դրությամբ արդեն ստորագրել է 5 հազար 064 մարդ: Խնդրագրին միանալու կոչին նոյեմբերի 17-ին միացել է նաեւ աշխարհահռչակ երգահան-շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում թողնելով հետեւյալ գրառումը. «Սիրելի ընկերներ, օգնենք Վարդանին` ստորագրելով այս խնդրագիրը, որպեսզի նա տեղափոխվի շտապօգնության հիվանդանոց եւ ստանա անհրաժեշտ բուժօգնություն: Նա մեր բոլորի կարիքն ունի: Շնորհակալ եմ»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանքի որոշումը կայացնելուց հետո` նոյեմբերի 9-ից Պետրոսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այսօր` նոյեմբերի 18-ին, դերասանն արդեն տեղափոխվել է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոն՝ հետագա ստուգումների համար: Այս ստուգումները պայմանավորված են նրանով, որ Վարդանն ունեցել է սրտամկանի իշեմիա, որը կապված չէ վթարի հետ, սակայն սրացումներ հնարավոր են:

Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Այս պահին դերասանի առողջական վիճակն անփոփոխ է: Ծանր վիրահատությունից հետո դեպքերի պատճառով դերասանը սթրեսային վիճակում է, ինչի ազդեցությունից առողջական վիճակն ավելի է վատացել: Հոկտեմբերի 20-ին` ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին`1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Վթարի ենթարկված Տաթեւ Հակոբյանը դեռեւս հիվանդանոցում է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում