Տիգրան Ջրբաշյանը վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը ուշացած, սակայն անհրաժեշտ է համարում
2 րոպեի ընթերցում
![Տիգրան Ջրբաշյանը վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը ուշացած, սակայն անհրաժեշտ է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/11/739897.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը պայմանավորված է տնտեսական աճի նվազող տեմպերի կարգավորման անհրաժեշտությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Նրա խոսքով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը փոքր-ինչ ուշացած էր, բայց անհրաժեշտ։ «Կարծում եմ` վերաֆինանսավորման տոկոսադրույքը պետք է նվազեցվեր մոտ 5-6 ամիս առաջ, երբ նկատվում էր տնտեսական աճի դանդաղում։ Սակայն Կենտրոնական բանկը զգուշավորություն ցուցաբերեց՝ տոկոսադրույքը թողնելով անփոփոխ։ Դա պայմանավորված էր Երվրոպայից և Ռուսաստանից եկող արտաքին ազդակներով, ինչպես նաև բարձր գնաճով։ Եթե մայիս-հունիսին իջեցվեր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա տնտեսության աճի տեմպերը այդքան չէին նվազի։ Այժմ տնտեսական աճի մակարդակը հասել է 2,5-3 տոկոսի, և անհրաժեշտություն կա մինչ տարեվերջ կարգավորել այդ ցուցանիշը։ Բայց պետք է հաշվի առնել, որ Կենտրոնական բանկը կարգավորող դեր է կատարում, և նման որոշումը կայացվել է` հաշվի առնելով առկա հանգամանքները»,- ասաց Ջրբաշյանը։
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 12-ին գումարած նիստում 0.5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն սահմանելով 8.0 տոկոս: Խորհուրդը նշել է, 2013թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%-ի: Կանխատեսվել է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին: Խորհուրդը նշել է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով: