3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան 2015 թվականին ընդառաջ հասկանա 1915 թվականին հայերի ապրած ցավը, կիսի այն և ներկայացնի հանրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական T24 լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում գրել է թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը` անդրադառնալով Հայոց ցեղասպանսության հարյուրամյա տարելիցին և դրա վերաբերյալ Թուրքիայի բռնած դիրքորոշմանը:
«Հայերն Անատոլիայի մարդիկ են: Նրանց արմատները, հայրենիքը Անատոլիայի հողում են: Հայերնն էլ քրդերի նման ապրում էին Անատոլիայում դեռևս նախքան այստեղ թուրքերի հայտնվելը: Ճշմարտությունն այն է, որ Թուրքիան մինչ օրս չի ընդունել, որ հայերն այս հողի մարդիկ են եղել և 1915 թվականին պոկվել են իրենց հողի արմատներից, տներից, հայրենիքից: Թուրքիան` թե’ որպես պետություն, թե’ որպես հասարակություն 1915-1916 թվականների հայերի ապրած ցավերը ոչ հասկացավ, ոչ էլ կիսեց: Թուրքիան մինչ օրս չգիտակցեց, որ Օսմանյան կայսրության` իթթիհաթականների` «մարդկության եմ գործած հանցագործություններն» իր վրա վերցնելով հայերի առջև առնվազն պարտք ունի ներողություն խնդրելու»,- գրում է Ջեմալը:
Խոսելով արդեն 2015 թվականի շեմին լինելու մասին, նա կարծիք է հայտնում, որ Թուրքիան` իբրև պետություն, պետք է խաթարի հայերի ապրած ցավերի նկատմամբ իր լռությունը և այդպիսով փոխի քաղաքական և բարոյական տեսանկյունից այս սխալ քաղաքական գիծը: «Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը պետք է բացվի: Երկու երկրների միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Այս երկու քայլերը պետք է արվեն առանց նախապայմանների: Թուրքիան` որպես պետություն, պետք է ներողություն խնդրի հայերից կամ առնվազն ներողություն հայցող ժեստ կամ ժեստեր անի»,- գրում է Ջեմալը: Նա անհրաժեշտ հրամայական է համարում, որպեսզի հայերի վերաբերյալ խտրական, նվաստացնող, քննադատող պետական դիրքորոշումը պատմության գրքերից սկսած փոխվի: Ջեմալը կարևոր է համարում Թուրքիա-Հայաստան-Սփյուռք եռակողմ հարաբերությունները և երկխոսությունը սկսելու նախապայմաններ ստեղծվելն ու այս նպատակով համատեղ հարթակներ ձևավորվելը:
Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանությունը ծրագրավորած և իրականացրած դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է, ով ընդունել է Ցեղասպանության փաստը և ներողություն է խնդրել հայերից: Այցելելով Հայաստան` նա եղել է Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, որտեղ ծաղիկ է դրել և խոնարհվել հայ նահատակների հիշատակին: