Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 12-ին գումարած նիստում 0.5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն սահմանելով 8.0%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2013թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%-ի:

Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ և նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով: Խորհուրդը նշել է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձևավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ ՀՀ տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով ձևավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից Կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ևս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձևավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն «ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Խորհուրդը համակարծիք եղել այն հարցում, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014թ-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Հայերեն English Русский