Մուսա լեռանն անցկացրած մանկությունը, արտագաղթն ու «գիշատիչ» մալարիան` այնճարաբնակ Մարիցա Օհանեսյանի հուշերում
9 րոպեի ընթերցում

ԱՅՆՃԱՐ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնճարի ամենատարեց կինը Մարիցա մայրիկը պատմել է Մուսա լեռանն անցկացրած իր մանկության օրերի, ցեղասպանությունից փրկվելու և Լիբանանում ապրած առաջին դժնդակ տարիների մասին: Լիբանանի արևելյան Բեքա հարթավայրում գտնվող հայկականԱյնճար գյուղի բնակիչների մասին հատուկ«Արմենպրեսի» համար ակնարկ է պատրաստելիտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու Թալալ Խրայիսը:«Այս ողբերգական պատմությունն սկսելու համար ցանկանում եմ մեջբերել 1915 թվականի սեպտեմբերին Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի նամակը թուրք սուլթան Մեհմեդ V-ին, որով Պապը հորդորում էր դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնություններն ու աքսորը:
«Մեզ են հասել մի ողջ ազգի հեծեծանքները, որ աննկարագրելի և որակում չունեցող տառապանքների ու տանջանքների է ենթարկվում լայնածավալ Օսմանյան կայսրությունում: Մեր ստացած տեղեկության համաձայն` մի շարք քաղաքների և ավանների բնակիչներին հարկադրում են մեծ նեղություններով ու տառապանքներով լքել իրենց երկիրը` հեռավոր կենտրոններ փոխադրվելու համար, որտեղ նրանք, տառապանքներից ու հոգեկան տանջանքերից բացի, ենթարկվելու են ամենասարսափելի չքավորության զրկանքներին, անգամ` սովի չարչարանքին: Քանի որ մենք հավատում ենք, որ նման բռնությունները չեն կատարվում Նորին մեծություն սուլթանի համաձայնությամբ, կատարյալ վստահությամբ դիմում ենք Ձերդ մեծության ընտրած կրոնին և սուլթանին վայել վեհ գթությանը:
Եթե հայերի շրջանում կան դավաճաններ կամ այլ հանցագործությունների մեղավորներ, ապա ոչինչ չունենք ասելու նրանց դեմ դատավարություն սկսելու և օրինական կերպով նրանց պատժելու դեմ: Սակայն մեր միակ ցանկությունն է, որ Ձերդ մեծությունը, արդարասիրության վեհ զգացմունքի պահանջից ելնելով, չհամաձայնվի հանցագործների նման անմեղներին նույնպես պատժի ենթարկել և տիրակալներին վայել գթասրտություն ու մարդասիրություն ցուցաբերի ճիշտ ուղուց շեղվածների հանդեպ:Եթե տիրակալներն իրենցից աղերսված կամքն ու վայել ներողամտությունը ցուցաբերեն, և հայ ազգն ազատվի ծանր դրությունից ու ոչնչացումից, ապա կվսեմացնեն իրենց խնամակալի վեհությունը»,- ասված էր նամակում:
Պատմական ակնարկ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը (1854-1922) 1915 թ. սեպտեմբերի 10-ին հայերի կոտորածները դադարեցնելու խնդրանքով դիմել է Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-րդին: Սուլթանը Պապին պատասխանել է բավականին ուշ` նույն տարվա նոյեմբերին` տալովհանրահայտ կեղծիքներով լի պատասխան, ինչպես,օրինակ,հայերն իբրթե համագործակցել են Օսմանյան կայսրությանը թշնամի երկրների հետ և թիկունքից սպառնացել օսմանյան բանակին: Սույն կեղծիքն այսօր էլ է կազմում թուրքական ժխտողականության հիմքը:
Օսմանյան կայսրությունը և թյուրքերն անցյալում, Էրդողանն` այսօր շարունակում են հետապնդել հայ ժողովրդին` թեև տարբեր կերպ: Հայկական սփյուռքով ճանապարհորդելիս ես այցելեցի Այնճար գյուղ: Գյուղի բնակիչները այստեղ են եկել ֆրանսիացիների օգնությամբ 1939 թվականին, և Մուսա լեռան շատ գաղթականներ վերամիավորվել են: Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի մասն էլ ապաստան է գտել արաբական մյուս քաղաքներում ` Հալեպ, Դամասկոս, Ամման (Հորդանան), Բաղդադ` կազմելով հայկական սփյուռքը:
Մարիցա Օհանեսյանի հետ հանդիպումը հայկական սփյուռքի հետ առնչվելու վառ օրինակներից է: Նա ընդունեց մեզ իր տանը և պատմեց Մուսա լեռանն անկացրած իր մանկության օրերի, ցեղասպանությունից փրկվելու և Լիբանանում ապրած առաջին դժվար տարիների մասին:
Առաջին հայ գաղթականներն Այնճար են ժամանել 1939 թվականին և անմիջապես ընկել համաճարակների ալիքի տակ: Մալարիան և խստաշունչ ձմեռները խլել են ավելի քան 800 մարդու կյանք: Երկար ժամանակ գաղթականները ապրում էին անապաստան` սնվելով բույսերով և արմատներով, և չունեին ոչինչ` ֆրանսիացիների նվիրած կարպետից բացի, որ որպես վրան էին օգտագործում:
Այնճար հասնելու համար ես ստիպված էի անցնել Լիբանանի լեռները և Բեքաա հարթավայրի մի մասը: Անձրևում էր, իսկ թանձր մառախուղը դանդաղեցնում էր ճանապարհը, երկու ժամում հազիվ անցանք 60 կմ, բայց վերջապես հասա այն քաղաքը, որ համարվում է տարածաշրջանի գոհարը և գտնվում է սիրիական սահմանին: Արդեն երկրորդ անգամն է ես այստեղ եմ գալիս հայկական սփյուռքի մասին փաստեր հավաքելու համար: Չգիտեմ լավ է, թե վատ, բայց երբ զրուցում եմ տեղի մարդկանց հետ, տեսնում, զգում կամ ապրում եմ անցյալում կատարված իրադարձությունների ամեն մի մանրամասնը, սկսում եմ ավելի լավ հասկանալ և ընկալել այդ ամենը: Իմ երևակայությունն այդ ժամանակ սկսում է ավելի արագ աշխատել, և կարծես տեսնում եմ ֆրանսիական մանդատը, ոտաբոբիկ տղաներին, մաշկիս վրա զգում մալարիայի տենդը: Այս տեսարաններն ինձ հեռու են տանում իրականությունից: Բայց ես պետք է շտապեմ, Սարինե Արշակյանն ինձ է սպասում:
Նա լայն ժպիտով ողջունում է ինձ և ուղեկցում իր տատիկի` Մարիցա Օհանեսյանի մոտ` օգնելու, որ ես ավելի լավ հասկանամ հայերի ողբերգությունը: Մեզ հետ է հայ լրագրող Թամարը, ով օգնելու է թարգմանության հարցում, և առանց որի օգնության ես չէի կարողանա փոխանցել այս պատմությունը, քանզի Սարինեի տատիկը միայն հայերեն է խոսում:
Հասանք Օհանեսյանների տուն: Մեզ դիմավորում է Մարիցա մայրիկի աղջիկը` Սիլվիան, որ արդեն տասնչորս տարի է քնքշությամբ հոգ է տանում և խնամում անկողնուն գամված մորը: «Իմ փափագն է այցելել Հայաստան, բայց չեմ կարող միայնակ թողնել մորս: Նա շատ բան է արել մեզ համար և շատ է տառապել: Անգամ կարճ ժամանակով չեմ կարող միայնակ թողնել նրան»,- ասաց Սիլվիան:
Մինչ գաղթը` 1937 թվականին, Մարիցա Օհանեսյանն ամուսնացել է հայ տղայի հետ, ում հետ ավելի ուշ գաղթել է Լիբանան: «Լուրեր էին պտտվում, թե Ալեքսանդրետ շրջանն անցնելու է թուրքական իշխանության տակ, իսկ թուրքերը մեզ հանգիստ չէին թողնի: Միշտ հիշում էինք, թե նրանք ինչեր են արել 1915 թվականին, և վախի զգացումը մշտապես արթուն էր մեր սրտերում: Դրա համար էլ որոշեցի ամուսնանալ ու գնալ այնտեղից,- պատմում է Մարիցա մայրիկը:- Ես 19 տարեկան էի և ամեն ինչ հիշում եմ: 1939 թվականի հուլիսին իմացա, որ 1915-ին ֆրանսիացիներն օգնել են Մուսա լեռան հայերին տեղափոխել թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ, ապա Լիբանան: Շատ գաղթականներ 40 օր թափառել են անվտանգ վայր գտնելու հույսով, շատերը մահացել են մալարիայից և թաղվել ճանապարհին: Լիբանան ժամանելուն պես ամուսնուս հետ եկա Այնճար` ընտանիքս գտնելու համար և շոկ ապրեցի: Նրանք վրաններ էին սարքել խոհանոցի համար և տեղ` պատսպարվելու: Ես տեսել եմ մարդկանց, ովքեր մահացել են մալարիայից, թուրքական բռնատիրությունից փրկված երեխաների…Մեզ ոչինչ չէր մնում անել, քան մեր գոյության համար պայքարելը, երեխաներին փրկելը, նոր բնակավայրեր կառուցելը և արժանապատիվ կյանք ստեղծելը, քանզի աշխարհը մոռացել էր մեր մասին»:

Ես հարցրեցի, թե նոր սերունդը, արդյոք, տեղյա՞կ է այդ պատմությանը, թե ինչ զրկանքներ են կրել ավագները նրանց մեծացնելու համար և, արդյոք, հասկանու՞մ են, որ այս գյուղը մեծ զոհաբերությունների արդյունքում է ստեղծվել:
«Ամենն, ինչ արել ենք, նրա համար էր, որ մյուս սերունդները ստիպված չլինեին տառապել: Ցավոք, ոչ բոլորն են հասկանում դա, և դա ընկալում են որպես անցած պատմություն, իսկ մենք ցանկանում ենք, որ սա կարևոր դաս լինի բոլորի համար, որ նման ողբերգություններն այլևս չկրկնվեն»,- պատասխանեց Մարիցա մայրիկը:
Պատմական ակնարկ
1939-ի վերջին Մուսա լեռան ավելի քան 6-հազարանոց հայ համայնքը, Ալեքսանդրետի սանջակը Թուրքիային կցվելուց հետո, ֆրանսիական մանդատային իշխանության հովանավորությամբ տեղափոխվել է Լիբանան և հիմնել Այնճար բնակավայրը: Վերաբնակվածների շուրջ մեկ քառորդը Լիբանանում իր կեցության առաջին երկու տարիներին զոհ է գնացել մալարիայի համաճարակին՝ մինչև չորացվել են շրջանում գտնվող ճահիճները: 1946-48-ի հայրենադարձության օրերին շուրջ 548 ընտանիք ներգաղթել է Հայաստան, 468 ընտանիք՝ մնացել Այնճարում: Բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ խնձորի արտահանումը, զարգացած է նաև արհեստագործական-առևտրական բնագավառը: Գյուղապետն ու գյուղական խորհրդի բոլոր անդամները հայեր են: Կան 3 դպրոց, 3 եկեղեցի:
Թարգմանությունը Սյունե Բարսեղյանի