Հասարակական

Դամասկոսում հայ երեխա է զոհվել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում հայ երեխա է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Սուրբ Թարգմանչաց ազգային ճեմարանին պատկանող ավտոբուսի վրա նոյեմբերի 11-ին հրասանդ ընկնելու հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ զոհերից մեկը հայ է, իսկ չորսը՝ արաբներ, այդ թվում` երեքը երեխաներ են, իսկ մյուսը ավտոբուսի վարորդն է: Արդեն հայտնի է, որ զոհված հայը վեցամյա Հովհաննես Աթոկամյանն է: Էլմաջյանը նաև տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով տասը վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երեքն այժմ վիրահատարանում են: Վիրավորների ինքնությունը դեռ պարզված չէ:

Դամասկոսի Բաբ Շարկի քրիստոնեական թաղամասում նոյեմբերի 11-ին ռումբ է ընկել հայկական դպրոցին պատկանող ավտոբուսի վրա, որն այդ ժամանակ աշակերտներ էր տեղափոխում: Ճեմարանում սովորողների մեծամասնությունը հայեր են, արաբները միայն չնչին տոկոսն են կազմում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը ևս տեղեկացնում է, որ Կասսա թաղամասում հրասանդ է ընկել դպրոցի վրա, որի հետևանքով 11 աշակերտներ են վիրավորվել, դպրոցի շենքը նյութական վնասներ է կրել: Մեկ այլ հրասանդ ընկել է Բաբ Շարկի թաղամասում աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վրա, որի հետևանքով 5 երեխաներ և ևս երկու քաղաքացիներ վիրավորվել են:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 120 հազար մարդ, որոնց թվում՝ մի քանի տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում