ՀՀ պավիրակությունը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 25-ը կայացել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել են Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակություններ: Նստաշրջանի աշխատանքները ղեկավարել են Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Միռեյ Բալեստրազին եւ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված են եղել մի շարք կարեւորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում` Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը այնպիսի հանցատեսակների դեմ պայքարում, ինչպիսիք են երեխաների սեռական շահագործումը, ահաբեկչությունը, թրաֆիքինգը, ծովահենությունը, հրազենի ապօրինի շրջանառությունն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզումը եւ այլն: Քննարկվել են հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հանցավոր բռնությունների զարգացման հարցում, նաեւ այն հմտությունները եւ ռազմավարությունը, որոնք կօգնեն լավագույնս պայքարել բռնությամբ ուղեկցվող հանցավորության դեմ:
Նստաշրջանում քննարկվել են նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման եւ Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր` անդրազգային ահաբեկչության նոր խնդիրները, կազմակերպված հանցավորությունը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունները, այդ թվում` դրամանենգությունը եւ կեղծարարությունը, կիբերհանցավորությունը եւ այլն: Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Թուրքիայի, Կիպրոսի, Դանիայի, ԱՄԷ եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ղեկավարների հետ:
Գլխավոր ասամբլեայի հաջորդ` 83-րդ նստաշրջանը տեղի կունենա 2014թ. աշնանը, Մոնակոյում: