Իրավունք

Գևորգ Կոստանյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Գևորգ Կոստանյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն: Լոռու մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` դատախազների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով, միաժամանակ տեղի է ունեցել նաև դատախազների թեկնածուների հավակնորդների արտահերթ ստուգում և մասնակիցներից 19 հավակնորդ հաջողությամբ հանձնել է ստուգումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում