ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 17-ինընդունել է Արգենտինայի արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերին, որ Հայաստան է ժամանել հայ-արգենտինյան գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արգենտինայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման կապակցությամբ նշելով, որ այդ գործընթացում կարևոր դերակատարություն ունի արգենտինահայ համայնքը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բեատրիս Պագլիերին ասել է, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ և արգենտինյան գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը և գործարար համաժողովը դրա վկայությունն են:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը խթանելու ուղիների շուրջ, կարևորվեցին գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի վերմշակման, դեղագործության և տուրիզմի ոլորտներում համագործակցությունը:
Երկուստեք նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականցումը կարևոր գործոն է համագործակցության և փոխանակումների ընդլայնման համար: