7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ոլորտում Հայաստանը եվրոպական երկների հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն է որդեգրել: Հարաբերությունների սերտացման մասին է վկայում նաև հոկտեմբերի սկզբին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակության մասնակցությունը Վիլնյուսում կայացած Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի 38-րդ հանդիպմանը: «Արմենպրես»-ի թղթակիցը ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ զրուցել է հեռահաղորդակցության ոլորտումեվրոպական երկրների հետ Հայաստանի համագործակցության, ինչպես նաև այլ թեմաների շուրջ:
-Հոկտեմբերի սկզբին վիլնյուսյան հանդիպումից հետո Լոնդոնում մասնակցել եք նաև Հաղորդակցության միջազգային ինստիտուտի (IIC) կողմից կազմակերպված Կարգավորող մարմինների ֆորումին, ինչպե՞ս կգնահատեքայդ մասնակցությունը, ի՞նչ արդյունքներ տվեց այն:
- Նշված ֆորումը նախատեսված է բացառապես կարգավորող մարմինների ներկայացուցիչների համար և հնարավորություն է ընձեռում հանդիպել այլ երկրների գործընկերներին, նրանց հետ քննարկելհեռուստատեսության, ռադիոյի, նոր մեդիայի ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, նոր զարգացումները, փոխանակել փորձը, ինչպես նաև գտնել համագործակցության նոր ուղիներ: Այս, ինչպես սեպտեմբերի սկզբին Կիևում տեղի ունեցած Սևծովյան տարածաշրջանային հեռարձակման ոլորտը կարգավորող մարմիների (BRAF) 4-րդ տարեկան հանդիպումը, լավ առիթ էր ներկայացնելու համար տարբեր երկրներում հեռարձակման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, թվայնացման գործընթացը, օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մեր գործունեությունը ներկայացնելու լավ հարթակ է:
-Որո՞նք են մեդիաոլորտին վերաբերող այն խնդիրները, որոնք ընդհանուր ենՀայաստանի և եվրոպական երկրների համար:
- Ոլորտի առաջնային խնդիրը համացանցի կարգավորումն է: Գործնական հարթակում բոլոր երկրներն իրենց համար ընտրել են համացանցի կարգավորման տարբեր ձևաչափեր, սակայն բոլոր երկրների համար սահմանված և մշակված մեկ համընդհանուր բանաձև չկա, որը գործի ամբողջ աշխարհում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է համացանցում լայն տարածում ստացող տարաբնույթ կոնտենտի մասին, որն արգելված է թե մեր, թե միջազգային օրենսդրությամբ, խնդիրը վերաբերում է նաև հեղինակային իրավունքին: Այժմ մենք տարբեր եվրոպական երկրների հետ ակտիվորեն քննարկում և ուսումնասիրում ենք իրենց փորձը` մեզ համար ամենաընդունելի մոդելն ընտրելու համար, որովհետև համացանցի արագ զարգացումը հանգեցնում է կարգավորման և տեխնիկական վերազինման հավելյալ անհրաժեշտության:
- 2015 թ.սկզբից մեր երկրում նախանշված է հեռուստառադիոհեռարձակմանթվայնացման գործընթացը: Ի՞նչ քայլեր են իրականացվելու այդ ուղղությամբ:
-Թվայնացման գործընթացը բաժանված է երկու մասին: Այս գործընթացում պետության գործառույթն է թվային ռեժիմի հեռարձակման ապահովումը, ինչը ենթադրում է անհրաժշետ տեխնիկական պայմանների առկայություն` գործընթացի բնականոն իրականացման համար: Երկրորդ` մեր հեռուստաընկերությունները պետք է վերազինվեն և պատրաստ լինեն 2015 թ. մեկնարկող թվայնացման գործընթացին: Վստահ եմ, որ բոլոր հեռուտաընկերություններն էլ պատրաստ կլինեն թվային հեռարձակմանն անցնելուն:
-Ձեր գնահատմամբ, ի՞նչ կտա թվայնացման գործընթացը սովորական սպառողին, հեռուստադիտողին:
- Առաջին հերթին կտա տեսաձայնային բարձր որակ: Երկրորդ հերթին` խոսքը համաշխարհային մի գործընթացի մասին է, որին չհետևելու դեպքում մենք կունենանք բավականին լուրջ խնդիրներ հեռահաղորդակցության ոլորտում: Կարծում եմ, մեկուկես տարին բավական է գործընթացի բնականոն հունով մեկնարկի և ավարտի համար: Թվայնացում իրականացնելու արդյունքում մենք այլևս չենք առնչվի որակի խնդրին, այս ձևաչափը մեզ թույլ կտա ունենալ հավասարապես բարձր որակ բոլորի համար:
- Դուք ՀՌԱՀ նախագահի պաշտոնը ստանձնել ենք 2013 թ. մայիսի սկզբին: Առաջիկայում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու ՀՌԱՀ գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
- ՀՌԱՀ-ը հեռուստառադիոհեռարձակման ոլորտը համապատասխան օրենքներովկարգավորող և վերահսկող մարմին է, սակայն շատերին թվում է, թե մենք «ցենզոր» կազմակերպություն ենք, մինչդեռ դա այդպես չէ, բովանդակային վերաքննություն իրականացնելըմեր գործառույթների մեջ չի մտնում: Մենք «ցենզուրա» չենք իրականացնում, և այն, ինչ կապված է հաղորդումների, ծրագրերի բովանդակային ուղղվածության հետ, մեր գործառույթների մեջ չի մտնում, մենք չունենք այդ դաշտում քայլեր ձեռնարկելու իրավասություն: Պետք է նշեմ, որ մեր oրենսդրական դաշտը բավականին լիբերալ է, որը ԶԼՄ-ներին տալիս էխոսքի ազատարտահայտման, համագործակցության և զարգացման հնարավորություն: Մեր մեդիադաշտն էլ բավականաչափ կայացած է և բավականին հաջողություններ է արձանագրում, որոնց մասին վկայում են նաև մոնիթորինգային խմբերի արձագանքները թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակահատվածներում: Կարծում եմ, մեդիադաշտի կայացման գործում իր ներդրումն էունեցել նաև ՀՌԱՀ-ը:
-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից անցկացվող Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիթորինգի արդյունքում ՀՌԱՀ-ի կայքը վատագույն երկու կայքերի շարքում էր մի շարք ցուցանիշներով: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել այդ բացասական արդյունքը վերացնելու ուղղությամբ:
- Շատ շուտով, հավանաբար այս հոկտեմբերի վերջին, մենք կգործարկենք մեր կայքի նոր տարբերակը, որը համալրված կլինի մեր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ, նորություններով: Կարծում եմ`այդ քայլը ևս միտված կլինի մեր աշխատանքը առավել թափանցիկ դարձնելուն:
Հարցազրույցը` Տաթևիկ Գրիգորյանի