Հատուկ նախագծեր

«Արարատ 73» -40 տարի անց. Այսօր «Արարատ»-ի փառահեղ հաղթանակի օրն է

5 րոպեի ընթերցում

«Արարատ 73» -40 տարի անց. Այսօր «Արարատ»-ի փառահեղ հաղթանակի օրն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 40 տարի առաջ հոկտեմբերին հայ ժողովրդի պատմության մեջ գրվեց հերոսական ևս մի էջ, որի հեղինակները Երևանի «Արարատի» ֆուտբոլիստներն էին:Այդ հաղթանակի ոգևորությունն այսօր էլչի մարել հայ ֆուտբոլասերների հուշերում: Այդ օրվա ցնծությունը երեկ կատարվածի նման է պատմում իր մարզաձում «աշխարհը նվաճած» ևս մի հայորդի` սուզալողորդ Շավարշ Կարապետյանը: ««Արարատի» հաղթանակը հպարտություն էր հայ ազգի համար: Եվ, իհարկե, այդ հաղթանակը պատմական եղավ հայկական սպորտի համար: Մենք էլ հպարտանում էինք, որ նման թիմ ունենք, ունենք լավ ֆուտբոլիստներ: Ես բոլորին մեկ առ մեկ ճանաչում էի եւ մինչ օրս էլ կապեր ունեմ նրանց հետ:Ուզում եմ հիմա շնորհավորել եւ համբուրել բոլորին: Նրանք բոլորը լուրջ տղաներ են, մեծ հաջողությունների հասած, որի համար ես անչափ ուրախ եմ:Ես ներկա եմ եղել եզրափակիչ խաղին: Իշտոյանի երկու գոլերից հետո մի արտահայտություն էր տարածվել. «Մարքս, Լենին, Իշտոյան»: Դե, պատկերացրեք, թե այն ժամանակ ինչպիսի մարդկանց հետ էին համեմատում Իշտոյանին»,-պատմում է Շավարշ Կարապետյանը:

40 տարի առաջ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Կիեւի «Դինամո»-ի պատմական հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատ»-ը, 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամո»-ին, նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Լենինգրադի «Զենիթ»-ի հանդիպումը, որտեղ «Արարատ»-ի անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին` «Արարատ»-ը նվաճեց նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը: Երեւանի «Արարատ»-ը դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:

Տարբեր բառերով, տարբեր ոճերով ու ձևով գրվեց և խոսվեց «Արարատ -73»-ի մասին. առաջինն անդրադարձավ«Արմենպրես»լրատվական գործակալությունը: Հաճելի և ուրախալի էր, որ մեզ հետևեցին շատ այլ կայքեր ու լրագրողներ: Ինչ խոսք, ինչ ու ինչքան էլ ասվեց և գրվեց այդ տարիների մեր հաղթական թիմի մասին, դարձյալ քիչ է:«Արարատը» հայկական ֆուտբոլի դեռեւս միակ հաղթական էջն է, մենք իրավունք չունենք այն մոռացության մատնելու... Իսկ ֆուտբոլային հաղթանակների ակնկալիքներ մենք դեռ շատ-շատ ունենք:

«Արարատ 73»-ի 40-ամյա հաղթանակի մասին «Արմենպրես»-լրատվական գործակալության հատուկ նախագծում ներկայացվել են «Արարատ 73»-ի գրեթե բոլոր ֆուտբոլիստների մասին պատմող հարցազրույցներ, որտեղ «արարատցիներն» անդրադարձել են 1973թ. առաջնությունում տարած հաղթանակներին: ««Արարատ 73»-40 տարի անց» նախագծի շրջանակներում ֆուտբոլիստբներից զատ մեզ հաջողվեց գրի առնել ինչպես «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի, այնպես էլ այդ օրերին «Արարատ»-ի մարզչական շտաբում աշխատող այլ անձանց` մարզիչ Հարություն Քեհեյանի եւ բժիշկ Վահագն Օրդյանի հուշերը: Ուրախացնող է այն, որ «Արարատ»-ի մասին լսելի էր անգամ ԽՍՀՄ սահմանններից դուրս: «Արարատ»-ի երկգագաթ հաղթանակների մասին գրում էր անգամ գերմանական մամուլը, առանձնացնելով Արկադի Անդրեասյանի հրաշալի խաղը: Այս օրերին Երևանում եւ Հայաստանի այլ մարզերում տոնվում է «Արարատ 73»-ի 40-ամյակը: Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, «արարատցիների» ներկայությամբ բացվեց ակումբի կրկնակի հաղթանակներին նվիրված հուշարձան: Հոկտեմբերի 10 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում մեծ շուքով մեծարել մեր լեգենդար ֆուտբոլիստներին: «Արարատ 73»-ի հաղթական տարեդարձը կտոնվի նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում