Իրավունք

Մինչև օրվա վերջ ազատ կարձակվեն շուրջ 500 դատապարտյալներ. համաներման ակտը կիրառվում է

3 րոպեի ընթերցում

Մինչև օրվա վերջ ազատ կարձակվեն շուրջ 500 դատապարտյալներ. համաներման ակտը կիրառվում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած 2013թ-ի համաներումը կիրառման ավելի լայն շրջանակներ ունի, քան նախորդ 8 համաներումները: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: «Համաներման այս ակտը կարգավորման առարկայի իմաստով պարունակում է պատժից ազատման սկզբունքները և պատժի չկրած մասի կրճատումը: Այսօր ժամը 11:00-ից սկսած կիրառվում է համաներման ակտի առաջին մասը: Մինչև 18:00-ն հանրապետության 12 քրեակատարողական հմնարկներից ազատ կարձակվեն բոլոր այն 500 դատապարտյալները, որոնց վրա տարածվում է ակտը: Այս փուլին կհաջորդի երկրորդ` պատժաչափի կրճատման մասը, որը կտարածվի շուրջ 900 դատապարտյալի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նիկոլայ Առուստամյանը:

Նա տեղեկացրեց, որ նշված 900-ի մեջ դեռևս ներառված չեն դատական փուլում գտնվող անձանց գործերը: Իսկ համաներման ակտով ազատ կարձակվեն այն դատապարտյալները, որոնց պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ կիրառվել է այլընտրանքային պատիժ, նշանակվել է մինչև երեք տարի ազատազրկման պատիժ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ, 60-ն անց մարդիկ, հղի կանայք, մինչև 3տարեկան երեխա ունեցող անձ, պատերազմի մասնակից և այլն»,-նշեց նախարարի խորհրդականը:

Նա անդրադարձավ նաև համաներումից հետո առաջացող խնդիրներին: 2011թ-ի համաներումից հետո ունենք 5,8 տոկոս կրկնահանցագործություն: «Եթե այս թիվը համեմատում ենք հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառված համաներումների արդյունքների հետ, ապա տեսնում ենք, որ այս թիվը շատ ցածր է: Իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դա տնտեսական առումով պետությանը բավականաչափ դրական արդյունք է տալիս: Յուրաքանչյուր դատապարտյալի վրա պետությունը ծախսում է օրական 4 հազար 395 դրամ, հետևաբար այդ անձանց թվաքանակին համապատասխան ֆինանսական միջոցներ կտնտեսվեն: Սակայն տվյալ անձանց համար սոցիալական իմաստով, անշուշտ, խնդիրներ են առաջանում, քանի որ բանտերում տիրող գործազրկույթունը տեղափոխվում է նաև մեր հասարակության մեջ: Այս անձինք դժվար են հասարակությունում վերաինտեգրվում, իսկ դրանով ավելանում են մեր հասարակությունում առկա դժվարությունները»,-ներկայացրեց Առուստամյանը` նշելով, որ հետագայում նման խնդրի չհանդիպելու համար քրեակատարողական հիմնարկներում տարբեր մասնագիտություններ են սովորեցնում` վարսահարդարում, խոհարարություն, մեքենագործություն և այլն:

2013թ-ի համաներումը 9-րդ համաներումն է, որն ունի առավել տարածական բնույթ: Դա մարդասիրության էլ ավելի մեծ դրսևորում է: Այս տարվա համաներումը կտարածվի ընդհանուր շուրջ 1500 դատապարտյալի վրա, որից 500-ը կազատվեն, իսկ մնացածի պատժաչափը կկրճատվի մեկ երրորդով, մեկ չորրորդով կամ վեց ամսով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում