«Արագիլ»-ն այժմ կճախրի ՀՀ առաջին տիկնոջ «Աղոթքի» ներքո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը նոր հիմներգի հնչյունների ներքո կշարունակի իր գործունեությունը։ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Աղոթք» երգը հիմնադրամի նոր հիմն է։ Վերարտադրողական բժշկությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ ՀՀ առաջին տիկինը ուրախությամբ նշեց, որ «Արագիլ»-ն արդեն բացել է իր թևերը։ «Հույս ունեմ, որ սա կդառնա այն բարի արագիլը, որը երեխաներին կբերի և կհասցնի իրենց ընտանիք։ Հաջողություն եմ մաղթում ձեզ, սիրելի՛ բժիշկներ, և մաղթում, որ լինեք զգույշ և բարխիղճ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիտա Սարգսյանը։ «Արագիլ» հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանը նշեց, որ ուրախությամբ է հեղինակել երգը, որն այժմ հիմնադրամի խորհրդանիշներից մեկն է։

«Արագիլ» հիմնադրամը կոչված է օգնելու անպտղությամբ տառապող զույգերին: Հիմնադրամը Հայաստանի հեռավոր մարզերում և ԼՂՀ-ում անպպտղության բուժման կենտրոններ հիմնելու ծրագիր է մշակում, քանի որ այդ շրջանների բնակիչներին դժվար է բուժման համար Երևան հասնել։ Հիմադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ գինեկոլոգ Կարինե Փոխունցը նշեց, որ Հայաստանում կան բազմաթիվ զույգեր, որոնք չեն կարող երեխա ունենալ, և այժմ նրանք կգտնվեն հիմնադրամի օժանդակության ներքո։ «Հիմնադրամի ստեղծման նպատակն է Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության ու կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա: Մենք իրականացնում ենք ֆինանսական աջակցություն անապահով ընտանիքներին՝ անպտղության բուժման նպատակով»,- նշեց Փոխունցը։

Հայաստանում մոտավորապես 9000 զույգ այսօր կարիք ունի արտամարմնային բեղմնավորման։ Այս հարցը որոշ չափով լուծելու նպատակով Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիան ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի միջոցով հավաքված դրամաշնորհները կուղղվեն այն ընտանիքներին, որոնք ունեն դրա կարիքը:

Հայերեն English