Սերժ Սարգսյանը ծանոթացավ «Ջերմուկ Ռեզորդ» առողջարանի շինարարական աշխատանքներին
2 րոպեի ընթերցում

ՋԵՐՄՈՒԿ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց «Ջերմուկ Ռեզորդ» հյուրանոցային առողջարանային համալիրի շինհրապարակ, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:
Լրագրողների հետ զրույցում համալիրի կառուցման աշխատանքներում ներդրումներ իրականացոնղ կազմակերպության` «Էլիտ Գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանը նշեց, որ այն լինելու է Ջերմուկի ամենամեծ հյուրանոցային համալիրը: «Հյուրանոցն ունենալու է 186 համար, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
«Ջերմուկ Ռեզորդ» հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2008թ.-ին: «Կատարվել է աշխատանքների մոտ 25 տոկոսը, որի ընթացքում արդեն 5 միլիոն դոլարի ներդրում է կատարվել»,- ասաց Մկոյանը՝ հավելելով, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ.-ին: Ընդհանուր ներդրումները կկազմեն 20 միլիոն դոլար:
Մկոյանը նշեց, որ արդեն պայմանավորվածություն կա, որպեսզի հյուրանոցում միջազգային օպերատորներ աշխատեն: «Մենք ցանկանում ենք Հայաստանում մեծացնել միջազգային խոշոր ցանցերի ներկայությունը: Սա շատ կարևոր նախադեպ է մեզ համար, քանի որ Հայաստանը սկսել է հետաքրքրություն ներկայացնել միջազգային օպերատորների համար»,- նշեց Մկոյանը:
Բացի հյուրանոցից՝ նախատեսվում է դեպի 250 մետր բարձրություն ունեցող ձորը տանող վերելակ կառուցել, որտեղ հանգստյան գոտի կկազմակերպվի: «Սա նորույթ կլինի Ջերմուկ քաղաքի համար, և կարծում ենք, որ կգրավի նաև զբոսաշրջիկների ուշադրությունը»,- ասաց նա՝ շեշտելով, որ վերելակը համայնապատկերային է լինելու:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Ջերմուկ քաղաքում: Նախագահն այնտեղ մասնակցել է «Գյուղական համայնքների» 3-րդ համաժողովի փակման արարողությանը, ինչից հետո այցելել է «Ջերմուկ Ռեզորդ» հյուրանոցային համալիր: