Իրավունք

Համաներումը կտարածվի նաև Աֆղանստանի պատերազմի մասնակից դատապարտյալների վրա

3 րոպեի ընթերցում

Համաներումը կտարածվի նաև Աֆղանստանի պատերազմի մասնակից դատապարտյալների վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը կտարածվի նաև Աֆղանստանի պատերազմին մասնակից դատապարտյալների վրա: Այս մասին Ազգային ժողովում համաներման տեքստի վերջնական տարբերակը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Հաշվի առնելով պատգամավորների առաջարկները՝ որոշվեց Հայրենական պատերազմի վետերանների և Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ համաներման ակտում ներգրավել նաև Աֆղանստանի պատերազմի մասնակից դատապարտյալներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրայր Թովմասյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ սեռական բնույթի հանցագործությունների մասին քրեական օրենսգրքի 138 և 139 հոդվածների որոշ մասեր դուրս էին մնացել այն հանցագործությունների շարքից, որոնց վրա համաներում չի տարածվելու: «Մենք արդեն փոփոխություններ ենք կատարել և արդեն այդ երկու հոդվածներն ամբողջությամբ ներառված են այն հանցագործությունների շարքում, որոնց վրա համաներում չի տարածվելու»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ արգելված հանցագործությունների մեջ է ներառվել նաև պոռնոգրաֆիական նյութերի ապօրինի տարածումը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատգամավոր Էդմոն Մարուքյանին այդ առաջարկի համար, որը մենք միանշանակ հաշվի առանք և հանցագործության այս տեսակը ևս ներգրավեցինք արգելվածների շարքում»,- ասաց նա:

Անդրադառնալով համաներման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու մասին բազմաթիվ առաջարկներին` Հրայր Թովմասյանը նշեց, որ կփորձեն անել հնարավոր ամեն բան, որպեսզի ձևավորվող աշխատանքային խմբերում լինեն նաև Ազգային ժողովի պատգամավորներ: «Թեև կանոնակարգում այդ մասին որոշում չկա ընդունված, սակայն ես խոստանում եմ, որ մենք պատշաճ կերպով վերահսկողություն կսահմանենք համաներման գործընթացի վրա՝ դրա մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելով Ազգային ժողովին»,- ասաց Թովմասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ երեկ իր համար ամենադժվար գիշերներից մեկն է եղել, քանի որ հասկանում էր, որ հազարավոր մարդիկ անհամաբեր սպասում էին, թե երբ է Ազգային ժողովը հաստատելու համաներում հայտարարելու մասին որոշումը: Նա շնորհակալություն հայտնեց քննարկումների համար՝ խոստանալով ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը:

ՀՀ ԱԺ-ն հոկտեմբերի 3-ին միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը, որը Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս համաներումն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ ընդլայնվել է այն հանցագործությունների ցանկը, որոնց վրա կարող էր համաներումը տարածվել: Մասնավորապես այս անգամ համաներումը կտարածվի առավել ծանր հանցագործություններ գործած անձանց վրա՝ 6 ամսով կրճատելով նրանց պատժի ժամկետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում