ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանի ընտրությամբ սկսվեց Իրանի բարեփոխումների ժամանակաշրջանը: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ Իրանի ընտրություններից հետո ձևավորվել է կարծիք, որտեղ վերջին երկու շաբաթում արդեն իսկ երևում է, որ Իրանը փոփոխությունների է գնում: «Իրանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց ունեցան, որից հետո իրանցի դպրոցականները սկսեցին չքայլել ամերիկյան դրոշի վրայով: Արդեն խոակցություններ են տարածվում նաև Թեհրան- Վաշինգտոն թռիչքի մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ռուբիկ Մինասյանը:
Իրանահայ լրագրողը նշեց նաև, որ ի դեմս Իրանի` Հայաստանը հարավում ունի հզոր գործընկեր-բարեկամ և արդեն ժամանակն է, որպեսզի քայլեր մշակվեն երկրորդ գազամուղի կառուցման համար: Հայ-իրանական հարաբերությունները, բանախոսի փոխանցմամբ, կարող են ազդել նաև բիզնեսի զարգացման վրա:
Նա անդրադարձավ նաև Իրանում ապրող հայերի կարգավիճակին` նշելով, որ այնտեղ հայերն իրենց սոցիալական դիրքով չեն տարբերվում իրանցիներից: «Երկիրը եթե զարգանում է, ապա դրանից օգտվում են նաև հայերը: Այնտեղ հայերին շատ լավ են վերաբերվում: Ճիշտ է, հայ համայնքը բավականին փոքրացել է, սակայն Իրանը շարունակում է պաշտպանել հայերին»,-ասաց նա` հավելելով, որ ի տարբերություն մնացած երկրների` Իրանում նաև հայկական եկեղեցիներն են պահպանվում, վերանորոգվում, և հնարավորություն է տրվում համայնքին աղոթատեղի ունենալ:
Իրանում ապրող հայերի թիվը հասնում է 560 հազարի, ովքեր ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլուր: Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Միայն Թեհրանում կա 8 գործող եկեղեցի: Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում։ Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը` Թեհրանում: Գործում են մշակութային, մարզական բազմաթիվընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով։ Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է։ Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր։ Ամենահայտնին «Ալիք»օրաթերթն է, որն այս տարի նշում է իր 80-ամյակը։
Իրանահայերն ակտիվորեն ընդգրկված են երկրի ներքին կյանքում։ Հայտնի շատ հայեր կան գիտության, կրթության, բժշկության, արդյունաբերության, մշակույթի և բիզնեսի ոլորտներում։