Իրավունք

ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները պետք է կիրառվեն նաև դատախազական գործունեության մեջ. Գևորգ Կոստանյան

3 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները պետք է կիրառվեն նաև դատախազական գործունեության մեջ. Գևորգ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներն ուղղակի իմպլեմենտացում պետք է ունենան նաև դատախազական գործունեության մեջ, ոչ միայն նրա համար, որ մեր օրենսդրությամբ սահմանվում է, որ միջազգային պայմանագիրն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, այլ նաև դա իր հերթին մեխանիկորեն հանգեցնում է մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորմանը:Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինքը Եվրոպական դատարանում մարդու իրավունքների մասով բավականին կրթված անձ է, և ինչպես է պատրաստվում իր գիտելիքները կիրառել պրակտիկայում: «Ես ձեզ ընդամենը մի օրինակ ասեմ, որը ես փորձել եմ իմպլեմենտացնել. այսօրվա քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ անձն իրավունք ունի ծանոթանալ քրեական գործի նյութերին միայն կարճվելուց հետո: Այսինքն` կասեցված քրեական գործի պայմաններում քրգործի նյութերին ծանոթանալու իրավունք չունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա` ընդգծելով, որ երբ նշանակվեց զինդատախազ, առանձին ցուցում տվեց ցանկացած գործի կասեցման որոշումը բողոքարկելու դեպքում բողոքարկող սուբյեկտին տրամադրել գործի հանգամանքները և, առնվազն, կասեցման որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող հանգամանքները: «Ես արեցի սա՝ նկատի ունենալով, որ մենք ունենք պարտականություն` ապահովելու արդյունավետ բողոքարկումը ևս, իսկ արդյունավետ բողոքարկումը կարող է լինել միայն համապատասխան նյութերի առկայության պարագայում»,- ասաց նա:

Ազգային ժողովի` սեպտեմբերի 30-ին մեկնարկած քառօրյայի օրակարգում քննարկվում է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման հարցը:Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի (պաշտոնը զբաղեցնում էր 2004թ.-ից) պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր սեպտեմբերի 13-ին: Գլխավոր դատախազին հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում