Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել Է բանկերի կողոպուտով զբաղվող չորս հայերի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական հետախուզության աշխատակիցները հատուկ նշանակության ջոկատի օժանդակությամբ Մոսկվայում ձերբակալել են Էթնիկ հանցավոր խմբի չորս անդամների, որոնց կասկածում են առեւտրային բանկերի գրասենյակների վրա մի քանի զինված հարձակումների մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնում:
«Կասկածյալները ձերբակալվել են մայրաքաղաքի հյուսիսարեւելյան շրջանում: Դրանք եղել են չորս չաշխատող անձինք, որոնք արմատներով Հայաստանից են: Կասկածյալների բնակության վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են ավելի քան 40 ձեռքի հեռախոս եւ մի ատրճանակ, որն օգտագործվել Է հանցագործություններ կատարելիս»,- ասել են ՆԳՆ-ում:
Պարզվել Է, որ այս տարվա փետրվարին խումբն ավազակային հարձակում Է կատարել Տրոիցկ քաղաքի բանկի շենքի վրա, որի ընթացքում հափշտակել Է 1,2 միլիոն ռուբլի: Հունիսին հանցագործները Մոսկվայում համանման ավազակային հարձակում են գործել բանկի գրասենյակի վրա, որտեղ դրամարկղից տարել են 1 միլիոն ռուբլի:
Ձերբակալվածների հետ անցկացվում են քննչական միջոցառումներ՝ պարզելու նրանց մասնակցությունը համանման զինված կողոպուտներին, ասել են մամուլի կենտրոնում: