Անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես. Հակոբ Բերբերյանի` անկախության լուսանկարների պատմությունը
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անկախությունն ամենօրյա համառ պայքար է, այն միայն հզոր պետության մենաշնորհն է: Հայաստանի կերտած անկախությունն ուներ սևից սպիտակ ընկած բոլոր երանգները՝ մռայլ պարտությունից մինչև վառ հաղթանակ: Անկախության, պատերազմի ու հաղթանակի լուսանկարների հեղինակ-լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը «Արմենպրես»-ի զրուցակիցն է՝ Հայաստանի անկախության լուսանկարների պատմությամբ:
Անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես
Այն ժամանակ, երբ մենք պայքարում էինք անկախության համար, մենք ուզում էինք ազատվել կաղապարներից, խորհրդային գրաքննությունից, գործելու լիակատար ազատության էինք ձգտում: Երբ քո աշխատանքի և մտածելակերպի մեջ ազատ ես, դա անկախությունն է, բայց ազատությունը ամենաթողությունը չէ: Մի օր հանկարծ ասում են այսօրվանից որոշեք ազատ եք, թե ոչ: Պատկերացրեք դա ինչ զգացմունքների հակասություն է, բայց մենք անկախության անհասկանալի ձգտում ունեինք:եթե այդ ժամանակ հարցնեիք` ինչ է անկախությունը, չէի կարող պատասխանել: Մեկ բան պարզ է. եթե դուք որպես անձ անկախության ձգտում չունեք, պետական անկախությունն արժեք չի ներկայացնում. այն այսօր կա, վաղը չկա:Հզոր պետության գաղափար է անկախությունը, թույլ պետությունը չի կարող անկախ լինել. դա չի քննարկվում:Ես կարծում էի, որ մենք ավելի հզոր պիտի լինեինք:Անկախությունը շատ լավ բան է, երբ դու դրա տերն ես: Ես շատ ռեալիստ եմ ու հասկանում եմ, որ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող իր շահերը պարտադրել 150 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկրին:Երկրների շահերը միշտ չէ, որ համընկնում են, մենք էլ ուժեղ լինեինք, մենք էլ կպարտադրեինք, դա բնական է: Պարզապես մենքշատ շուտ անկախությունը փոխարինեցինք ամենաթողությամբ:
Արցունքի և ոգևորության պահերն անբաժան են մարտի դաշտից
Պատերազմի դաշտում երբեմն արցունք էր հոսում մեր աչքերից, երբեմն էլ ոգևորվում էինք, բայց գիտակցումը, որ պատմության մեջ հետք էինք թողնելու, չկար: Ես, համենայն դեպս, այդպես չէի կարծում, աշխատում էի այնպես, ինչպես հիմա եմ աշխատում: Իհարկե, որպես հայ, ես էլ խորասուզվում էի տեղի ունեցողի մեջ, բայց միևնույն ժամանակ փորձում էի պահպանել չեզոքություն: Պատերազմի դաշտում լուսանկարներն անում էի ոչ շտ մեծ հնարավորությամբ ֆոտոխցիկով ու երբ իմ լավ ընկեր Հրայր Բազեն իմացավ, թե ինչպես եմ ստացել մի շարք նկարներ, շատ զարմացավ, հետագայում «Ազատամարտ» թերթի խմբագրությանն ավելի լայն հնարավորություններով ֆոտոխցիկ նվիրեց: Բոլորը կարծում էին, որ իմ տեխնիկան ամենալավն է, բայց ես ունեցել եմ ամենասովորական ապարատուրան: Հիմա այլ է, անկախությունը բերեց նաև լայն հնարավորություններ, լավ տեխնիկա: Ես կարող եմ ինձ սոված պահել, բայց տեխնիկան ինձ մոտ պետք է կատարյալ լինի:
Անկախության գույները
Բոլոր գույներն էլ առկա էին՝ և սևը և սպիտակը, մուգ կապույտից մինչև մուգ կարմիրը:Երբ մերոնք նահանջում էին, գույները մռայլ էին, բայց այդ մռայլությունն էլ էր պետք, որ հետո դեղինն ավելի վառ երևա: Բոլոր գույներն էլ շաղկապված են:Ես հիմա էլ շատ բաներից դժգոհ եմ, շատ բաներից էլ՝ գոհ, բայցսև գույնով չեմ մտածում, իմ գույները շատ տաք են:Պատերազմի միջով պետք է անցնել, հասկանալու դրա ողջ դաժանությունը, բայց նաև զգալ հաղթանակի բերկրանքը: Այդ տարիներից հետո հասկացա երկու բան` լսել ու զուսպ լինել:
Լուսանկարներ` բացառի՞կը, թե՞ օրինաչափը պատկերող
Ինչ գիտեք` ինչն է բացառիկ, բաներ կան, որ նկարել եմ ու դրանք ժամանակի հետ բացառիկ են դարձել:
Հաղթանակ
Օրինակ, հայկական Չե Գևարայի նկարը դարձավ բացառիկ, դա պատահական նկար է, ես չէի գնացել իրեն նկարելու, ես իրեն չէի էլ ճանաչում, հետո, իհարկե, ծանոթացանք ու ընկերացանք: Իմ ժապավենը վերջացել էր ու ես լուսահոգի Ռուբիկ Մանգասարյանից խնդրեցի ժապավեն ու հենց այդ ժապավենով նկարեցի:Ընկերներիս այնտեղ տեսա, հաղթողի տրամադրություն առաջացավ:Գիտեք՝ հաղթողի տրամադրությունը շատ հզոր բան է, պարտվողինը` վտանգավոր: Հետո եկան դաժան պարտությունները, հետո նորից հաղթանակի ժամանակներ:
Անկախ Հայաստան
Բոլորը, չգիտեմ ինչու, սիրում են այս լուսանկարը: Այն վայրկենական է ստացվել, սա սեպտեմբերի 20-ի երեկոյան է արվել, երբ հաջորդ օրը պետք է անկախության հանրաքվեն անցկացվեր, ինչի արդյունքում հաստատվեց Հայաստանի անկախությունը: Այդ տոնական տրամադրությունը տարավ, ես հայտնվեցի ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին: Երեխայով կինը, դրոշակով տղամարդը՝ մթնոլորտն իրոք ուրախ էր: Մռայլ եղանակ էր, բայց մարդիկ շատ ոգևորված էին:
Հրետանային կրակ
Սա իմ ամենասիրած նկարն է, արվել է Լաչինի ճանապարհին, ես ինքս անունը դրել եմ Պայքարող ծերուկը: Պատերազմը քրտնաջան աշխատանք է, իսկ անկախությունը՝ ամենօրյա պայքար:
Խաղաղություն
Մեր անկախության խորհրդանիշը հենց այս նկարն է: Երեխային գրկած տղամարդը ազատամարտիկ է, որի երեխայի մկրտությունը պետք է լիներ այդ օրը, այստեղ Շուշիի ազատագրման առաջին տարին են նշում: Նկարն արվել էՇուշիի ազատագրումից հետո` 1992 թ. մայիսի 10-ին: Այս նկարըմեծ խորհուրդ ունի: Ես հասկացա, որ ամեն ինչ արվում է հենց այս սերնդի համար. այս երեխան երևի մեկ տարեկան էլ չկա: Այ, իրենք են անկախությունը:
Պատմության ժառանգորդը
Այս նկարն ինձ համար շատ հետաքրքիր է: Հենց նկարը տպագրվեց, ինձ ասեցին սրա մեջ գաղտնիք կա. աղջկա աչքերի մեջ երևում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Ես հասկացել եմ, որ եթե նվիրումով ես աշխատում, ամեն օր մի հետաքրքիր կադր ստանում ես:
Հակոբ Բերբերյանը ֆոտոլրագրությամբ զբաղվում է արդեն 30 տարի: Աշխատել է «Երեկոյան Երեւան», «Կոմունիստ», «Ազատամարտ» եւ այլ թերթերում, «Արմենպրես», «Արմինֆո» լրատվական գործակալություններում, եղել «Ֆրանս պրեսի» եւ «Ասոշիեյթիդ պրեսի» ֆոտոթղթակիցը Հայաստանում: 2004 թ. անհատական ցուցահանդես է ունեցել Բեյրութում, մասնակցել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված ֆոտոցուցահանդեսին (2003 թ.), Արցախում պատերազմին նվիրված ֆոտոցուցահանդեսին (1999 թ.):
Պատրաստեց Անի Նազարյանը