Հայերին միավորում է անկախությունը. Իզաբել Բայրաքդարյանի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո, բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Մարդ, ով ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: Արվեստագետ, ում տաղանդն, իսկապես, անսպառ է և աներևակայելի: Հայաստանում Իզաբել Բայրաքդարյան երգչուհուն շատ են սիրում: Նրա ամեն մի այցը տոն է դառնում նրա արվեստը բարձր գնահատողերաժշտասերների և մասնագետների համար:«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է անվանի երգչուհու հետ նրա Հայաստան այցի, Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի ԱռաջնորդանիստՍուրբ Պայծառակերպություն եկեղեցու բացման արարողության ժամանակկայացած համերգի, ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Իզաբել, Դուք վեց տարի Հայաստանում չեք եղել: Ի՞նչ զգացողություններ ունեք այսօր հայրենիք ոտք դնելուց հետո:

-Այո, մոտ վեց տարի Հայաստանում չեմ եղել: Շատ բան է փոխվել Երևանում, և ամեն ինչ` դեպի դրականը: Ինձ համար այստեղ գտնվելն իսկապես աննկարագրելի հաճույք է: Ինչքան շատ եմ Հայաստան գալիս, այնքան շատ եմ զգում, որ պատկանում եմ իմ երկրին: Հաճելի է տեսնել Հայաստանի առաջընթացը և գեղեցկացումը: Տեսնում եմ, որ բնակիչները սիրում են իրենց քաղաքը, և այն միայն զբոսաշրջիկների համար չէ: Շատ հաճելի է դա զգալ:

-Հնարավո՞ր է, որ Ձեր այցի շրջանակներում հանդես գաք համերգով:

-Ինչպես գիտեք, ես սեպտեմբերի 17-ին երգեցի Մոսկվայի եկեղեցու բացման արարողությանը: Իհարկե, կցանկանայի այստեղ համերգ կազմակերպել: Բայց ես Հայաստան գալու ուրիշ պատճառ ունեի: Մշտապես Հայաստան եմ այցելել տարբեր առիթներով, բայց երբեք այստեղ չեմ եղել Անկախության տոնին: Մեր պատմությունը և այս տոնն է հենց, որ միավորում են աշխարհի բոլոր հայերին: Մեզ այսօր միավորում է անկախությունը: Ես եկել եմ ուղղակի այստեղ լինելու և մասնակցելու տոնական միջոցառումներին` որպես հանդիսատես: Զբոսաշրջիկ չեմ, որովհետև ես ինձորպեսզբոսաշրջիկչեմ զգում: Ես իմ հարազատ քաղաքում եմ, որտեղ պատկանելիություն եմ զգում: Ես սիրում եմ Հայաստանում լինելու հանգամանքը՝ առանց համերգի պատրաստվելու սթրեսի: Հայաստան գալը մեկ րոպեում, բայց ոչպատահականորենարված որոշում էր: Իրականում, ես պետք է գայի ավելի վաղ և ելույթ ունենայի այստեղ, սակայն հղիությանս պատճառով չկարողացա ճամփորդել...Միայն 2004-ին չէ, որ եկել եմՀայաստան: Դրանից հետո նույնպես եկել եմ և ամուսնացել Գեղարդում: Բացի այդ, մասնակցել եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի շատ համերգների: Ավելի ուշ նվագախմբի իմ լավ ընկերների հետ ձայնագրեցի«Կոմիտասի երգեր» ձայնասկավառակը, որը 2008-ին առաջադրվեց Գրեմմի մրցանակի:

-Սեպտեմբերի 17-ին Դուք մասնակցեցիք Հայկական եկեղեցու օծման արարողությանը: Ի՞նչ զգացողություններ ունեք այդ միջոցառումից հետո:

-Շատ հպարտ եմ: Հավատում եմ, որ մեր կյանքում ամենակարևորը ճակատագիրն ու եկեղեցին են: Եկեղեցին մշտապես մեր գոյության անբաժանելի մասն է եղել: Իսկ եթե դու ճակատագիր չունես, դու կորցնում ես հավատդ կյանքի լավ երևույթների նկատմամբ: Դու նույնիսկ ապրելու պատճառ չունես: Եկեղեցու ստեղծումը նշանակեց, որ ավելի շատ հայեր կհավաքվեն մի վայրում և իրենց հարազատ լեզվովկխոսեն օտար հողում: Համերգը շատ յուրահատուկ էր: Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել նման միջոցառմանը, շատ շնորհակալ եմ և երջանիկ, որ կարողացա մասնակցել համերգին: Հատկապես ուրախ էի, որ նվագախումբը ղեկավարում էր Էդուարդ Թոփչյանը, որովհետև նա հրաշալի դիրիժոր է:

-Գիտեմ, որ երիտասարդ տարիքում Դուք երգել եք Հայկական եկեղեցում: Այդ օրերի հետ կապված ի՞նչ հիշողություններ ունեք:

-Երբ մտածում եմ Լիբանանի Զահլե քաղաքում գտնվող իմ մանկության եկեղեցու մասին, միանգամից պատկերացնում եմ կիսախավար եկեղեցի փոքրիկ մոմերի առկայծումով, զգում եմ խնկի և մոմակալների բույրը և վերհիշում ինձ՝ 6-7 տարեկան հասակում, կանգնած երգչախմբում՝ մայրիկիս դիմաց: Զգում եմ, որ պաշտպանված եմ նրա կողմից և շրջապատված Աստծո սիրով՝ մեր եկեղեցու անհամեմատ գեղեցիկ օրհներգերն ու միջնադարյան շարականները երգելու ընթացքում, որոնք դեպի Աստված տանող ամենաուղիղ ճանապարհն են:

-Հայ արվեստագետներից ո՞վ է Ձեզ հատկապես ոգեշնչում:

-Եթե ստիպված եմ ընտրել (որովհետև նման մարդիկ շատ են), ապա կընտրեմ Քեթի Բերբերյանին: Առաջինը և ամենագլխավորը՝ ես զմայլվում եմ նրա բազմունակությամբ և արտիստիզմով, որոնք բացարձակապես անկրկնելի են: Նա ռիսկի էր դիմում, բացահայտում էր նոր ծրագիր, երգում էր բոլոր կանանց ձայներով. 20-րդ դարի շատ հանճարեղ կոմպոզիտորներ նրա համար ստեղծագործություններ են գրել: Եվ ամենակարևորը. որպես անձնավորություն նա խիստ սրամիտ էր և զվարճասեր: Ես սիրում եմ նրա հետաքրքրասեր ուղեղը և անչափ հարգում եմկյանքի նկատմամբ նրա սերը:

-Ձեր երեխաների մասին կպատմե՞ք: Երաժշտություն սիրու՞մ են լսել:

-Իմ որդին հանգստանում է երգերիս ներքո: Նա ինձ հետ մշտապես ճամփորդել է ավելի փոքր տարիքում, մասնակցել իմ համերգներին: Միշտ լսում է, թե ինչպես է իր մայրիկը երգում, իսկ հայրիկը նվագում: Շատ երաժշտական երեխա է, նույնիսկ երգելավելի վաղ սկսեց, քան խոսել: Ես նրա համար Կոմիտասի և Կանաչյանի օրորոցայիններն եմ երգում, հայկական երգեր եմ կատարում, տանում եմ եկեղեցի: Մյուս փոքրիկս 9 ամսական է: Երբ բարձրաձայն եմ երգում, վախենում է: Նա նույնպես սիրում է լսել իմ ձայնը:

-Իզաբել, ինչեք այժմպատրաստում: Նոր սաունդթրեք ձայնագրելու եք:

-Իմ նոր ձայնասկավառակը, որը կոչվում է “Troubadour and the Nightingale”, մեկ ամսից կթողարկվի: Ուրախությամբ փաստեմ, որ Ռավելի և իմ ամունու` Սերուժ Քրաջյանի ստեղծագործություններից բացի, այն կընդգրկի նաև Սայաթ-Նովայի աշուղական երգերը, որոնք մշակել է Սերուժը կամերային նվագախմբի համար:

-Երազանքներ ունե՞ք:

-Ես այնքան բախտավոր եմ և այնքան շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ իմ կյանքում: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, և հատկապես երեխաներ ունենալուս համար. նրանք իմ կյանքի իմաստն են: Իհարկե, երազել պետք է, որովհետև առանց դրա ապրելն իմաստ չի ունենա: Այն ամենն, ինչ ձեռք եմ բերում, ինձ համար լրացուցիչ օրհնություն է: Ես մի հասարակ երազանք ունեմ՝ առողջ լինել, որպեսզի վայելեմ բոլոր օրհնությունները և կյանքի բոլոր հնարավորությունները՝ իմ երեխաների հետ: Երեխաները, կարծես, ցանկացած մոր աքիլեսյան գարշապարը լինեն: Կարծում եմ, որ եթե առողջություն չունես՝ ոչինչ չունես: Երազանքներս, ինչպես տեսնում եք, շատ հասարակ են:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանում, երգել է հայկական եկեղեցու երգչախմբում: Այնուհետև տեղափոխվել է Կանադա և զբաղվել երգով`արդեն որպես պրոֆեսիոնալ: 2000 թվականին հաղթել է Պլասիդո Դոմինգոյի կազմակերպած «Օպերալիա» մրցույթում, որը նրա առջև շատ դռներ է բացել: 2004 թվականին Բայրաքդարյանի երկրորդ` «Azulão» ձայնասկավառակը նրան բերեց «Ջունո» մրցանակ: Բացի այդ, երգչուհին առաջադրվել է նաև «Գրեմմի» մրցանակի` «Մատանիների տիրակալը» ֆիլմի երգի հիասքանչ կատարման համար: Հայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի սաունդթրեքում ևս հնչում է Բայրաքդարյանի ձայնը:

Բացառիկ հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Արթուր Հարությունյանի

Հայերեն English Русский

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում