Իրավունք

ԱՄՆ-ը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումների համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները 2.2 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից սեպտեմբերի 13-ին ստորագրվեց ԱՄՆ եւ ՀՀ միջեւ կնքված` թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 15-րդ փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ կառավարությանը՝անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետացնելու, ինչպես նաեւ դատաիրավական եւ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար:

ԱՄՆ դեսպանը կարեւորեց դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: «Մենք կարողացել ենք առաջընթաց ապահովել անդրազգային հանցավորության եւ թրաֆիկինգի դեմ պայքարում ու իրականացրել ենք կարեւոր բարեփոխումներ դատաիրավական համակարգում»,- նշեց Հեֆերնը:

Հայաստանում իրականացնող երկկողմանի ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների նախաձեռնությունը, «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ՀԿ­­-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը: Այս աջակցությունը նաեւ կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաեւ նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը:

2011թ.-ի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավական համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 20 միլիոն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում