Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիան պատրվակներ ստեղծելով ԱՄՆ-ին դրդում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների. թուրքագետ

3 րոպեի ընթերցում

Թուրքիան պատրվակներ ստեղծելով ԱՄՆ-ին դրդում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիական ողջ ճգնաժամի ընթացքում Թուրքիայի ցանկությունըեղել է իր հարեւան երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար պատրվակներ ստեղծելը։ Այս մասին սեպտեմբերի 6-ին կայացած ասուլիսում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան այն փոքրաթիվ երկրներից է, որ միանգամից իր աջակցությունը հայտնեց ԱՄՆ-ին՝ Սիրիան ռմբակոծելու հարցում։ «Թերևս մինչև հիմա չկան տվյալներ, թե որ կողմից է օգտագործվել քիմիական զենքը։ Սակայն Թուրքիան անմիջապես հայտարարեց, որ ունի ինչ-ինչ գաղտնի տվյալներ, որ Սիրիայի կառավարական ուժերն են օգտագործել քիմիական զենքը։ Այս ամենը պատրվակ էր արագացնելու Սիրիայի ռմբակոծումը։ Թուրքիան ամեն կերպ փորձում է հօգուտ իրեն օգտագործել «արաբական գարունը» և տարածաշրջանում դառնալ «թելադրող» երկիր։ Սակայն Սիրիական հարցում նրա միջամտությունը չի կարող չանհանգստացնել Արևմուտքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի այս ռազմավարությունը դժգոհություն է առաջացրել Արևմտյան կողմում և հենց թուրք բնակչության շրջանում։ «Թուրքիայում սուր քննադատության է արժանանում վարչապետի և արտգործնախարարի իրականացրած քաղաքականությունը։ Այդ առնչությամբ դժգոհություն կա նաև քրդերի շրջանում։ Թուրքիայի ղեկավարությունը եւս հասկանում է, որ չի կարող միայնակ հանդես գալ սիրիական հարցում և փորձում է կոմնակիցներ գտնել կամ միանալ կոալիցիոն ուժերի»,- ավելացրեց Հովհաննիսյանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեբերի 4-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որԹուրքիան պատրաստ է միանալ ցանկացած կոալիցիայի ընդդեմ Սիրիայի: «Թուրքիան արդեն ձեռնարկում է համապատասխան քայլեր և պատրաստ է դեպքերի ցանկացած տեսակի զարգացմանը»,- ասել էր նա։ Միաժամանակ Էրդողանը հերթական անգամ կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ երկրից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին` Սիրիային սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը քննարկելու համար:Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովը ներկայացրել է Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ, որում առաջարկվում է Սիրիայում ռազմական գործողությունները սահմանափակել 2 ամսով։Բանաձևին կողմ են քվեարկել հանձնաժողովի 10 անդամներ, 7-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ։ Այժմ բանաձևը դրվելու է ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատի քննարկմանը։ Ակնկալվում է, որ դա կկայանա գալիք շաբաթվա ընթացքում, երբ Կոնգրեսը կվերառանա արձակուրդից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում