Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը պահպանման ու վերականգնման կարիք ունի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը վերականգնման ու պահպանման կարիք ունի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը` նշելով, որ չնայած պետական բյուջեով 2012 թվականին կառուցվեց մշակույթի տունը, իսկ որմնանակարը ոչնչացումից փրկելու համար մնաց կառուցի ներսում, սակայն որմնանկարը պետք է վերականգնել: «Ամենահրատապ վերականգնման խնդիր, Մինասի գործերից, այս պահին ունի «Արմենիան»: Շենքը սարքված է, բայց որմնանկարի պահպանման համար գումար նախատեսված չէ: Մինչ շենքի կառուցումը, տարիների ընթացքում, խոնավության պատճառով, որմնանկարը ներքեւի եւ վերեւի հատվածներում վնասվել էր: Վերջին մի քանի ամիսների ընթացքում որմնանանկարը լրացուցիչ 30 տոկոսի կորուստ է ունեցել: Ի դեպ, շինարարության ընթացքում նույնպես նկարը վնասվել է: Սա Մինասի ամենաարժեքավոր որմնանկարն է»,-վստահեցրեց Արման Ավետիսյանը:

Որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո մինչեւ անցած տարի գտնվել է բաց երկնքի տակ՝ փայտե պատնեշի մեջ: Որմնանկարը ոչնչացումից փրկելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ եւ պետական միջոցներով կառուցվել է մշակույթի տուն` «Արմենիան» թողնելով կառույցի ներսում:

Հեղինակ Արմենուհի Մխոյան

Լուսանկարները Մարինե Պետրոսյանի

Հայերեն English Русский