ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի արվարձաններից մեկում, 93 տարեկան հասակում օգոստոսի 27-ին կյանքից հեռացել է ֆրանսահայ աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):
Ժանսեմը ծնվել է 1920 թվականին Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում: Մանկությունն անցկացրել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել «Անկախների ցուցասրահում»: Սկզբնական շրջանում հանդես է եկել ազգային թեմաներ ներկայացնող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն, որոնց մի մասը ցուցադրված է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։ Այսօր նրա գործերը պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:Ժանսեմի կենդանության օրոք բացվել է իր անունը կրող երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։
Մեծ արվեստագետն առաջին անգամ հայրենիքում եղել է 1973 թվականին: Այնուհետև 2001-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին Հայաստան է եկել և Ցեղասպանության թանգարանին է նվիրել իր` 34 նկարից բաղկացած «Ցեղասպանություն» հավաքածուն:
2010-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ժանսեմին շնորհվել է«Պատվո շքանշան»` հայ-ֆրանսիական մշակութային հարաբերություններում մեծ ավանդի և նկարչի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը վշտակցություն է հայտնում աշխարհահռչակ նկարչի ընտանիքին ու հարազատներին: