3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անմշակ հողերի ընդհանուր տարածքը 2010-13թթ.-ին նվազել է մոտ 10 տոկոսով: Կառավարությունը ծրագրում է տարեկան մոտ 17 հազար հեկտարով կրճատել անմշակ հողատարածքները: Այդ մասին օգոստոսի 27-ին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ Կոտայքի մարզ շրջայցի ընթացքում:
Նա կարեւորեց Կոտայքի մարզում չմշակվող հողերի խնդրի լուծման ուղղությամբ քայլերի շարունակականության ապահովումը: «Եթե 2010 թվականին չմշակվող հողերի տարածքը կազմել է է 66 տոկոս, ապա այս տարի նվազել մինչեւ 57 տոկոսի: Այս տարի 2033 հեկտար հող մտել է շրջանառության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ կարեւորելով անմշակ հողերը շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը բոլոր մարզերում: «Հանրապետության մակարդակով այս տարի մենք մշակել ենք մոտ 15 հազար հեկտարով ավելի վարելահողեր, եւ չմշակվող հողերի տարածքն ընդհանուրի մեջ նվազել է մինչեւ 27 տոկոս»,- նշեց գյուղնախարարը՝ հավելելով, որ 2010թ.-ին այդ ցուցանիշը 37.2 տոկոս էր: Կարապետյանն ասաց, որ առաջիկայում շարունակվելու են քայլերը, որպեսզի տարեկան 15-ից 17 հազար հեկտար լրացուցիչ հողեր մշակվեն մեր երկրում:
Կոտայքի մարզ այցի ընթացքում գյուղնախարարի առաջին կանգառը Ձորաղբյուրի ջերմոցային տնտեսություններն էին: Այնուհետ նա ծանոթացավ «Արտաշես» պահածոների գործարանի աշխատանքին ու շրջեց Ակունք գյուղի ելակի յուրահատուկ մշակության տարածքներով: Կարապետյանն այցելեց Նոր Գեղիի խնձորի նորատունկ այգի և հետեւեց վաղահաս խնձորի բերքահավաքին: «Սա մեր հանրապետության լավագույն խնձորի մշակման տարածքներից մեկն է, որտեղ կարելի է մեծ արտադրություն կազմակերպել: Հիմա այս տարածքում արդեն 400 հեկտարի վրա հիմնված են խնձորի ինտենսիվ մշակության այգիներ, որտեղ 4-5 սորտեր են մշակվում, եւ այս միտումը կշարունակվի»,- հավաստեց ՀՀ գյուղնախարարը: Այնուհետ նա այցելեց Քաղսիի գարու եւ ցորենի դաշտեր, խոտհարքեր: Գյուղնախարարին մարզային այցելության ընթացքում ուղեկցում էր Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:
Սերգո Կարապետյանը խոսեց նաեւ Կոտայքի մարզում խնձորի, հացահատիկի եւ բանջարեղենային կուլտուրաների լավ բերքի սպասելիքների մասին: Նա նշեց, որ մարզում առաջընթաց է ապրում նաեւ անասնապահության ոլորտը: «Տարվա սկզբի համեմատ մոտ 9.5 տոկոսով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է ավելացել, մոտավորապես 8 տոկոսով՝ մանր եղջերավորի: Եւ եթե այս տեմպով շարունակենք, մենք անասնապահության ոլորտում բավական մեծ առաջընթաց կունենանք»,- նշեց նախարարը:
Կոտայքի մարզում 67 համայնք կա, որից 7-ը քաղաքային, 60-ը՝ գյուղական: Մարզի հողային ռեսուրսները 209 հազար 303 հեկտար են: