Փաստ մեկնաբանությամբ

Պուտինի այցը Բաքու վերահաստատեց, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավոր ռազմական գործընկերը տարածաշրջանում. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Պուտինի այցը Բաքու վերահաստատեց, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավոր ռազմական գործընկերը տարածաշրջանում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ադրբեջանում երկու հիմնական հարց էր հետաքրքրում: Օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ այդ երկու հարցերն էին ՌԴ-ին շրջանցելով Եվրոպային նավթ ու գազ մատակարարելու Ադրբեջանի քաղաքականությունն ու ԱՊՀ երկրների շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին այդ երկրի վերաբերմունքը: Գրիգորյանընշեց, որ Ռուսաստանը նպատակ ուներ մեղմացնել այլընտրանքային ճանապարհով Եվրոպային նավթ ու գազ մատակարարելու Ադրբեջանի քաղաքականությունը:

Քաղաքագետը հիշեցրեց, որ Բաքուն չի մասնակցում եւ կողմնակից չէ ԱՊՀ երկրների շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: «Բաքուն չփոխեց իր դիրքորոշումն այլընտրանքային ճանապարհով Եվրոպա գազն ու նավթը մատակարարել եւ չփոխեց իր կարծիքն ԱՊՀ երկրների շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսներին մասնակցելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն էլ, ի պատասխան, չփոխեց իր դիրքորոշումը Արցախի խնդրի հարցում: Գրիգորյանի համոզմամբ՝ մոտ ժամանակներում ՌԴ քաղաքականությունն Արցախի հարցում չի փոխվի, բանակցային գործընթացը կշարունակվի եւ ոչ մի ֆորս-մաժորային իրավիճակ չի լինի: «Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավոր գործընկերը տարածաշրջանում»,- ասաց Գրիգորյանն՝ ընդգծելով նաեւ ռազմական ոլորտում ՀՀ-ՌԴ հարաբերությունների բարձր մակարդակը:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք վաճառեց Ադրբեջանին մինչև Պուտինի այցը Բաքու դրական ֆոն ստեղծելու նպատակով։

Նրա խոսքով՝ սկզբունքային որոշումներ Բաքվում չեն ընդունվել: Քաղաքագետը Եվրոպայի հետ Հայաստանի համագործակցությունը որպես Ռուսաստանի դեմ քայլ չի դիտարկում: Գրիգորյանն անհրաժեշտ է համարում նաեւ Հայաստանի համագործակցությունն աշխարհի մի քանի ուժային կենտրոնների հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Ադրբեջան, ստորագրվել են մի քանի փաստաթղթեր: Այցի ընթացքում եղել է նաեւ խայտառակ միջադեպ՝ մասնավորապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անվան փոխարեն անպարկեշտ արտահայտություն է օգտագործվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում