ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հումորիստ, հաղորդավար և արդեն սիրված երգիչ Արամ MP3-ն (Սարգսյան) այս տարի իր երկրպագուներին կներկայացնի իր անդրանիկ ձայնասկավառակը: Վերջերս երգիչը ներկայացրեց իր նոր` If I Tried երգի տեսահոլովակը և պատրաստվում է մինչև տարեվերջ ևս մեկ տեսահոլովակ նկարահանել: Արամ MP3-ի հետ «Արմենպրես»-ը զրուցեց նրա ծրագրերի, վերջերս կայացած համերգի և մարդկային տաղանդի մասին:
-Վերջերս Vitamin ակումբում մենահամերգով հանդես եկաք, ի՞նչ եք զգում մենահամերգից հետո:
-Մոտ 4 ամիս մենահամերգներով հանդես չէի եկել: Փոփոխեցի այս մենահամերգի ծրագիրը և ձևաչափը, հանդես եկա DJ-ի հետ: Մի քիչ վախենում էի` գուցե այս նորույթը չընդունվի, բայց հասկացա, որ երիտասարդությունը պատրաստ է նոր ոճին: Շատ ուրախ եմ, որ լավ անցավ, ինչ ակնկալում էի` ստացվեց: Հուսամ` ծրագիրը կզարգանա, և նոր երգերով հանդես կգանք: Շոու-մասնիկները կավելացնենք, որպեսզի հանդիսատեսը միշտ անակնկալներ տեսնի:
-Չե՞ք մտածել ավելի մեծ մասշտաբով համերգ կազմակերպելու մասին` ավելի մեծ դահլիճում:
-Մտածել ենք, բայց ցանկանում ենք ընդլայնել ծրագիրը, որպեսզի ես հանդես գամ սեփական երգերով: Հիմա աշխատում եմ ձայնասկավառակի վրա, արդեն վերջացնում եմ: Սեպտեմբերին ևս մեկ տեսահոլովակ կներկայացնենք` դեռ չգիտեմ, թե որ երգի հիման վրա:
-Ձայնասկավառակում ի՞նչ ոճի երգեր են լինելու:
-Դժվարանում եմ ասել, որովհետև փորձում եմ ստեղծագործել վերջին տեսահոլովակիս ոճով: Այդ ոճին դժվար թե բնորոշում գտնեմ, թող լինի այդպիսի ոճ /ծիծաղում է/: Փոփ և ռոք ժանրերի երգեր էլ կլինեն: Ստեղծագործություններ կան, որոնք իրենց մեջ ներառում են սիմֆոնիկ երաժշտություն, փորձել ենք համադրել մի քանի ժանրեր: Հանդիսատեսն արդեն ինձ կասի, թե որն է իմ ոճը: Վստահ եմ, որ ինձ ճիշտ գնահատական կտան:
-Տաղանդավոր ծնվու՞մ են, թե՞ դառնում: Ձեր պարագայում ինպե՞ ս է:
-Մի տեսակ ամաչում եմ, որ նման հարցեր եք տալիս: Ինձ թվում է` տաղանդավոր ծնվում են, մարդու ներսից պետք է լինի տաղանդը: Հաճախ տաղանդները չեն բացահայտվում, որովհետև շրջապատը և ծնողները չեն նկատում երեխայի մեջ այդ տաղանդը, իսկ երեխան չի աշխատում գտնել իր տաղանդը: Բայց, բացահայտելուց հետո հասկանում է իր կյանքի նպատակը: Ինձ թվում է` յուրաքանչյուրն ունի տաղանդ: Պարզապես պետք է հայտնաբել այն, և կդառնաս աշխարհի ամենաերջանիկ մարդը:
- Ձեր ծնողնե՞րն են բացահայտել Ձեր տաղանդը:
-Ծնողներս լումա ունեն այդ հարցում, բայց ես ինքս եմ գտել իմ ճանապարհը: Եթե իմ ծնողների ցանկությամբ լիներ` ես կդառնայի դեղագետ և միգուցե հիմա աշխատեի դեղատանը:
-Մասնագիտությունն օգնում է Ձե՞ր գործում:
-Օգնում է այնքանով, որ որոշակի լարվածությունից եմ խուսափում: Մենք շատ հաճախ ենք հիվանդանում, քանի որ փորձերի մեջ ենք, գիշերները չենք քնում: Իսկ գիշերը չքնելն ամենավատ հիվանդությունների է բերում: Մասնագիտությունն օգնում է նաև այն իմաստով, որ գիտելիքներս թույլ են տալիս շրջապատիս խորհուրդ տալ խմելու այս կամ այն դեղը: Հակաբիոտիկ, միանշանակ, որևէ մեկին չեմ նշանակի:
-Դուք նմանակումներ եք անում, ֆիլմերում նկարահանվում, երգում եք: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում ամեն ինչ համատեղել և այդքան տաղանդավոր լինել:
-Շնորհակալություն, որ նման կերպ եք ինձ ներկայացնում: Մարդիկ կան , որ ինձ հաճախ են հարցնում` ինչու երգով չեմ զբաղվում: Մտածում եմ` ես մնացածն ավելի վա՞տ եմ անում: Չգիտեմ, միգուցե մոտս ավելի լավ երգն է ստացվում: Վերջերս մի քիչ ավելի շատ երգի վրա եմ ուշադրություն դարձնում: Մարդիկ մտածում են, որ այս տարիների ընթացքում ես երգի հետ կապված ոչինչ չեմ արել, բայց բավականին երկար ժամանակ էի երգեր գրում: Իրականում խնդիրն այն էր, որ հանրությունն ինձ ճանաչում էր որպես այլոց երգերի կատարող, իսկ ինձ համար խնդիր էր այն, որ ես չէի սիրում իմ ձայնը: Բարդույթներ ունեի: Ես ինձ թերագնահատում էի, բավականին երկար ժամանակ հենց դրա վրա ծախսեցի, հետո ընկերներս օգնեցին ինձ: Փորձում եմ համատեղել ամեն ինչ: Երբեմն քնելու ցանկություն է առաջանում:
-Հումորիստների հետ հումորային իրավիճակներն ավելի հաճա՞խ են պատահում:
-Մենք փորձում ենք թեկուզ և լուրջ իրավիճակում հումոր գտնել: Մեր աշխատանքն է հենց ոչ հումորային իրավիճակում հումոր գտնելը:
-Նման իրավիճակները հաճա՞խ են դառնում ինչ-որ համարի հիմք:
-Իրականում համարների 90 տոկոսը կյանքում եղած դեպքեր են: Իրականությունը մի փոքր չափազանցնում ենք և դարձնում զվարճալի: Կարծում եմ, որ հումորը մեր ազգի պաշտպանական մեխանիզմներից է, եթե այն չլիներ, ավելի դժվար կլիներ: Որքան շատ ես ծիծաղում` այնքան ավելի երկար ես ապրում: Հումորային ժանրերի պակաս ունենք այսօր, կցանկանայի, որ բոլոր ժանրերում հիմորիստներ ունենայինք:
-Բեմում Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրու՞մ:
-Ցանկացած ելույթից առաջ սարսափելի հուզվում եմ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մենահամերգին: Այնքան եմ լարվում, որ կոկորդս սկսում է ցավել: Բայց դա լավ չէ, միշտ փորձում եմ ամեն ինչ լավ լինի: Երկրորդ երգից հետո հանգստանում եմ: Մյուս կողմից, լավ է, որ նյարդայանանում ես, նշանակում է, որ պատասխանատվությամբ ես վերաբերվում ամեն ինչին:
-Ո՞ւմ եք ամենաշատը սիրում նմանակել:
-Ռեյ Չարլզի նմանակումն էր ինձ մոտ շատ լավ ստացվում: Մի քանի այլ երգիչներ կան, ում լավ եմ նմանակում:
-Ձեր որդին ինչպե՞ս է: Հաջողվում է ժամանակ գտնել նրա հետ շփվելու համար:
-Տղաս ինձ չի տեսնում. իմ ամենամեծ խնդիրն այն է, որ չեմ հասցնում նրան ժամանակ տրամադրել: Զգում եմ, որ շատ է ինձ կարոտում:
Զյուրցը վարեց Ռոզա Գրիգորյանը