Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի»` ծանոթանալու առողջարանի վերակառուցման աշխատանքներին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը ՀՀ կառավարության որոշմամբ վերակառուցվել էփոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով: Առողջարանի վերակառուցումն իրականացվել է«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային և շինարարական աշխատանքներին:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաև առողջարանումՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթով հանգստացող և բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն և շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների և սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար:

2013թ.-ին առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ.-ի մարտին, ավարտվել` հուլիսին: Վերակառուցվել են ինչպես կեցության սենյակները, այնպես էլ բուժական կաբինետները: Առողջարանը բուժական նոր կաբինետներ է ստեղծել, ներկրել բժշկական ժամանակակից տեխնիկա: Խորհրդային տարիներին համամիութենական համբավ ունեցող բազմապրոֆիլ համալիր-առողջարանը, նոր շունչ ստանալով, շարունակում է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժիչ ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժումը:

Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաև կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած` «Արզնի» առողջարանում բուժվել և հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ:
