Doing Business: «Լավագույն կին բարեգործ» մրցանակակիրը Սեւանում նորարար մանկապատանեկան կենտրոն է հիմնել

4 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը մասնագիտությամբ մանկավարժ, Սեւանի նորարար մանկապատանեկան կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անուշ Բադալյանն է, ով սկսնակներին խորհուրդ է տալիս չվախենալ նոր գաղափարներն իրագործելիս:

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-ամյա Անուշ Բադալյանը Սևանի իր հայրական տան նախկին վայրում հիմնել է մի կենտրոն, որը նորույթ է կուրորտային քաղաքի համար: Ֆինանսավորումը մանկավարժի կրթություն ունեցող Անուշ Բադալյանին տրամադրել է ռուսաստանաբնակ իր եղբայր Հուսիկ Բադալյանը: «Երբ սկսում էինք շենքը կառուցել, կոնկրետ չէինք մտածել, թե ինչ պետք է հիմնվի այնտեղ: Բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ Սևանում չկա մի տեղ, մի կենտրոն, որտեղ կարող են գալ մանուկները և այնտեղ ժամանակ անցկացնել»,- հիշում է Բադալյանը:

1992-2006թթ. Սևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում որպես տարրական դասարանների դասվար աշխատած Բադալյանն ասում է` մտածել են, թե ինչու պետք է Երևանի երեխաներն իմանան, թե ինչ է «Լաբիրինթոս» խաղը և խաղան դրանով, իսկ սևանցի մանուկներն ու պատանիները չունենա այդ հնարավորությունը: Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերին: «Սևան» կենտրոնում գործում են նախակրթարանը, մանկական սրճարանը, մանկապատանեկան խաղասրահը: Սրճարանում ոգելից խմիչքն ու ծխախոտն արգելված են: Մանկապատանեկան կենտրոնի մուտքը միայն մինչև 14 տարեկան երեխաների և պատանիների համար է, իսկ մեծահասակների համար կենտրոնի շենքում կահավորվել են մարզասրահը, գեղեցկության սրահը:

Նախակրթարանի 4-6 տարեկան սաներին Բադալյանը դաստիարակում և ուսուցանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեթոդներով: Կրթօջախ է այցելում 20-25 երեխա: Կրթահամալիրը հավանության է արժանացրել նախակրթարանի շենքային պայմանները, իսկ ուսուցիչները վերապատրաստումից հետո արդեն այս սեպտեմբերին սկսեն դավանդել «Մխիթար Սեբաստացու» ծրագրով: Ուսուցումը վճարովի, սակայն մատչելի է: Սևանցիները, ասում է Բադալյանը, սկսել են ընկալել վճարովի որակյալ կրթության առավելությունները: Կենտրոնում երեխաներն ապահովված են սննդով, գրենական պիտույքներով, իսկ Գեղարքունիքի ցուրտ ձմռան ամիսներին կենտրոնում միջին ջերմաստիճանը 23-25 աստիճան է:

Մանկավարժի մասնագիտությանն Անուշ Բադալյանն ավելացրել է նաև գործարարի գիտելիքն ու հմտությունները: Ասում է, որ ինքնուս գործարար է, օգնել են բիզնես ունեցող մտերիմներն ու բարեկամները: Թեկուզ հատուկ դասընթացներ չի անցել, սակայն իր համար պարզ է դարձել, որ փոքր բիզնեսի կայացման համար պետությունը պետք է արտոնություններ տրամադրի սկսնակներին: «Օրինակ` կարելի է որոշակի արտոնյալ ժամանակաշրջան սահմանել առանց հարկերի: Մարդիկ կան մեծ ներդրումներ են արել, սակայն չեն կարողացել կայանալ»,- փաստում է սկսնակ գործարարը: 11 աշխատող ունեցող կենտրոնի սեփականատեր-տնօրեն Անուշ Բադալյանը նշում է, որ մեր երկրում բիզնես սկսելը հեշտ է, զարգացնելն ու կայունացնելն է դժվար: Խոսքը հատկապես մարզերի մասին է. «Հարկերն ու տուրքերն են շատ ու բարդ»,- ասում է:

Սկսնակներին էլ խորհուրդ է տալիս չվախենալ նոր գաղափարներն իրագործելիս: Չնայած, ասում է, մեր երկրում վստահությունը քիչ է ապագայի նկատմամբ, այդուամենայնիվ, պետք չէ վարանել:

2013թ. ապրիլի 5-ին Անուշ Բադալյանը ստացել է «Լավագույն կին բարեգործ» մրցանակը` ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2013» մրցանակաբաշխության շրջանակում: 2012թ. նա եղբոր հովանավորությամբ կազմակերպել է անապահով ընտանիքների և մանկատան մոտ 1000 երեխաների մկրտությունը: Նա այդ երեխաներին նաև պարբերաբար հյուրընկալում է իր կենտրոնում:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին