Իրավունք

Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ. Աղվան Հովսեփյան

7 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ. Աղվան Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության փաստը միջազգային հանրության կողմից ճանաչելուն խոչընդոտում են տարբեր երկրների` հիմնականում գերտերությունների տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը, երբեմն նաև այդ շահերի բախումը: Այս մասին հայտարարել է ՀՀգլխավոր դատախազ Աղվան ՀովսեփյանըՀայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղվան Հովսեփյանը գոհունակություն հայտնեց, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվել է իրավաբանների համաժողովը, որը կարող է լույս սփռել Հայոց ցեղասպանության իրավական շատ կնճռոտ հարցերի վրա և լուրջ ազդակ դառնալ Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի իրավական ուսումասիրության համար: «Խիստ արդիական և հետաքրքիր են նաև քննարկվող թեմաները` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և հայ իրավական միտքը, ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հիմնահարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերը և այլն: Ուրախալի է, որ այսօր արդեն շատ երկրներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, բայց, ցավոք, միջազգային հանրության կողմից դրա ճանաչման հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել: Այդ պատճառով, այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը լավագույն դեպքում մեզ` հայերիս, հուզական և բարոյական բավարարության զգացում է պատճառում, հատկապես երբ նման որոշումները սասանում են Թուրքիայի սասանված հեղինակությունը»,-ասաց Աղվան Հովսեփյանը:

Նա հարկ համարեց նշել նաև, որ հաճախ, Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը դարձել է Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու հզոր միջոց: «Մենք այդ իրողություններից պետք է դասեր քաղենք: Ամենից առաջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հուզական-բարոյական հարթությունից պետք է անցում կատարել դեպի իրավական հարթություն: Այսինքն` այսօր ստեղծված տարածաշրջանային և միջազգային բարդ իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը անհնար է լուծել առանց գիտականորեն հիմնավորված իրավական փաստարկների: Թե Հայոց ցեղասպանության ճանաչումը և թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ունենան անթերի միջազգային-իրավական ապահովում: Եվ այդ բարդ խնդիրը կոչված ենք իրագործելու մենք` հայ իրավաբաններս»,-շեշտել է Հովսեփյանը` հավելելով, որ չի կարելի ասել, թե հայ իրավաբանները ոչինչ չեն արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայկական հարցի լուծման իրավական ապահովման գործում, սակայն նրանք, հատկապես երիտասարդները, պետք է շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ կատարել:

Այն, որ Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը հիմնարար կերպով ապացուցված է, Աղվան Հովսեփյանն անվիճելի փաստ է համարել: Նա շեշտել է, որ Թուրքերի կողմից կատարած ոճրագործության բազմաթիվ ապացույցներ կան` ականատեսների վկայություններ, նամակներ, օրագրեր, պաշտոնական փաստաթղթեր, ցեղասպանությանն անմիջականորեն մասնակցած թուրքերի և այդ իրադարձություններին ականատես օտարերկրացիներ հիշողություններ և այլն: Կա նաև թուրքական իշխանությունների ինքնախոստովանությունը, որն ամրագրված է թուրքական դատարանների կողմից 1919-1920 թվականներին կայացված դատավճիռներում: «Այդ տարիներին թուրքական դատարանները ձեռնարկել են մի շարք դատավարություններ, որոնցում որպես ամբաստանյալներ հանդես են եկել թուրքական պետական և քաղաքական գործիչներ, զինվորականներ, պաշտոնատար անձինք: Նրանք դատապարտվել են հայերի զանգվածային սպանությունների և բռնի տեղահանությունների համար: Այդ դատավճիռները Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական, իրավական վավերագրեր են, որոնք դժվարությամբ կարող են վիճարկել անգամ ներկայիս թուրք ազգայնամոլները: Կարծում եմ, որ իրավական հետազոտությունների այս ուղղությունը խիստ հեռանկարային է և արդյունավետ»,-համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Խոսելով հայ երիտասարդ իրավաբանների անելիքների մասին` Աղվան Հովսեփյանն անվիճելի է համարել, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Նա համոզված է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ:

Գլխավոր դատախազը մտահոգված է նաև այսօրվա իրականությամբ: Նրան անհանգստացնում է Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնատար անձանց ելույթներն այն մասին, թե Սյունիքն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են, իսկ Արցախն անվիճելիորեն ադրբեջանական տարածք է: «Մենք ամեն օր լսում ենք նրանց բարբաջանքներն ու լռում ենք, լավագույն դեպքում Ադրբեջանից հնչող պահանջներն անհիմն ենք համարում: Համաձայն եմ, դրանք, իրոք, բարբաջանք են, այնքան ակնհայտ կեղծիք է և սուտ, որ անհարմար է թվում նույնիսկ դրանց պատասխանելը: Լավագույն դեպքում խորհուրդ ենք տալիս ադրբեջանցիներին ծանոթանալ հնագույն պատմիչների գործերին, որոնց «Ադրբեջան» անվանումն անգամ հայտնի չէ: Բայց արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի Ադրբեջանցիներին հիմնավորված հակընդդեմ պահանջ ներկայացնել»-ասել է նա:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորագրով» Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ այն նոր ազդակ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրավական հարթություն տեղափոխելու անհրաժեշտ հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում