Բերրիության ու բարեկեցության տոն. Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 7-ին տոնում է Վարդավառը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցինhուլիսի 7-ինտոնում է հայկական ազգային Վարդավառի կամ Ծաղկող վարդի տոնը, որը բերրիության ու բարեկեցության տոնն է: Այս մասին հուլիսի 5-ին հրավիրված ասուլիսում ասաց Թովմաս քահանա Անդրեասյանը: «Վարդավառի տոնին նույնիսկ ինձ վրա են ջուր ցողում, ինչին շատ մեծ սիրով եմ վերաբերվում: Նույնը խորհուրդ եմ տալիս նաև բոլորին և կոչ եմ անում այն տոնելիս իրար սիրով ու հարգանքով վերաբերվել»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց քահանա Անդրեասյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քահանան, անդրադառնալով տոնի սկզբնավորմանը, ասաց, որ այն շատ հին պատմություն ունի: «Վարդավառն առաջացել է ամռան տապից պաշտպանվելու համար: Ամռանը երբ երաշտ էր լինում, մարդիկ աստվածներից անձրև ու ջուր էին խնդրում, որպեսզի և իրենք չտանջվեն, և բերքն առատ լինի: Հետագայում այն սկսվեց նշվել որպես մեղքերի թողության և հաշտեցման օր: Տոնը նշվել է 4-րդ դարից. Հայաստանի` քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչն այն ընդգրկեց հայկական եկեղեցական տոնացույցում»,-պատմեց քահանան` հավելելով, որ Վարդավառը ներկայացվել է որպես Տիրոջ Փոխակերպման տոն: Ընդունված է, որպեսզի այդ օրը միմյանց վրա ջուր ցողեն, ինչը բուժիչ է և մաքրում է մարմինն ու հոգին:
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանիջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկիհետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։