Doing Business: Կին գործարարն Արմավիրում զարգացնում է հյուրատնային բիզնեսը

4 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը հյուրատնային և օթևանային բիզնեսով զբաղվող Քրիստինա Անտոնյանն է, ով սկսնակներին հորդորում է իրենց բիզնեսի համար ճիշտ մոտեցում որդեգրել:

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրատնային և օթևանային բիզնեսը շատ կարևոր դեր է խաղում երկրի զբոսաշրջության զարգացման հարցում: Բազմաթիվ տեսարժան վայրերում բացակայում են օթևանները և հյուրատները, ինչը զբոսաշրջիկներին ստիպում է հրաժարվել հեռավոր մարզեր ուղևորություններից: Հյուրատների փոքրիկ, հարմարավետ և շատ անմիջական միջավայրում օտարերկրացիները կարողանում են ծանոթանալ նաև ազգային մշակույթին: Հայաստանում արդեն սկսել է զարգանալ գիշերակաց և նախաճաշ (Bed and Breakfast) տրամադրող հյուրատների ոլորտը:

37-ամյա Քրիստինա Անտոնյանը, մինչև Արմավիր քաղաքում հյուրատուն և ռեստորան բացելը, ունեցել է գեղեցկության սրահ: «Միտք առաջացավ նաև ռեստորան ու հյուրատուն ունենալ: 2000թ.-ից գեղեցկության սրահն արդեն կար: Այն արդեն մենք վերածել ենք սպա-սրահի»,- հիշում է կին գործարարը: Նա մեկտեղել է գեղեցկության սրահի, հյուրատան, սրճարանի և ռեստորանի ծառայությունները մեկ հարկի տակ: Քրսիտինան ասում է, որ բուն հյուրատան գաղափարի պատճառն իր` խոհանոց շատ սիրելն է:

Հյուրատունը գործում է 2008թ.-ից: Սկզբում ինքն է պատրաստել ճաշատեսակները, այնուհետև, գործի զարգանալուն զուգահեռ, հրավիրել է խոհարարների: Նրա կարծիքով, Հայաստանում դժվար է բիզնեսը զարգացնել, մանավանդ, եթե այն գործում է մարզերում: «Ժողովրդի ֆինանսական վիճակն է շատ բարդ, կոնկրետ մեր մարզում և քաղաքում դա այդպես է»,- փաստում է Անտոնյանը:

Որպես արդեն փորձառու գործարար, Քրիստինա Անտոնյանը սկսնակներին հորդորում է ճիշտ մոտեցում որդեգրել իրենց մտածած բիզնեսի նկատմամբ: Ճիշտ մոտեցում ասելով` Անտոնյանը նկատի ունի գործի նախնական ուսումնասիրությունը, ներքին խոհանոցը տնտղելը և շուկայի վիճակին ծանոթանալը: Նաև կարևոր է պլանավորումը և այդ պլանին հետևելը: «Եթե այդ ամենը ճիշտ արվի, տապալումը հնարավոր չէ»,- վստահեցնում է արմավիրցի կին գործարարը: Նա հույժ կարևոր է համարում նաև գործարար գիտելիքը, որի միջոցով բիզնեսը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Սակայն, ըստ նրա, ամենակարևորը ռիսկն է, որին պետք է դիմի սկսնակը:

Անտոնյանի հյուրատունը կարելի է համարել ընտանեկան բիզնես: Օգնում են մայրը, քույրը, ամուսինը, հաճախ գործին միանում է նաև դուստրը: Ապագայի համար Քրիստինա Անտոնյանը ցանկանում է ընդլայնել հյուրատունը և մատուցվող ծառայությունների շրջանակը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը զբոսաշրջության մեջ հյուրատնային ոլորտի դերը բարձրացնելու և այն ավելի կայուն դարձնելու համար մարզերում սկսել է հյուրատնային բիզնեսի զարգացման ծրագիր: Լոռիում, Տավուշում և Վայոց Ձորում մեկնարկած նախաձեռնությունը միտված է բարելավել և կատարելագործել ծառայությունների մատուցման որակը և օգնել հյուրատների սեփականատերերին բազմապատկել եկամուտը: Լոռու մարզում արդեն 20 հյուրատուն մասնակցում է ծրագրին: Տավուշում մասնակիցների թիվը 6-ն է, իսկ Վայոց Ձորում` 4-ը: Նրանք ստանում են տեխնիկական աջակցություն, որը ներառում է հյուրատների կառուցման, կառավարման, սպասարկման չափորոշիչների տրամադրումը: Ստանում են նաև գործարար գիտելիք: Իսկ դասընթացների վերջում հյուրատների սեփականատերերը նաև հնարավորություն են ունենում ֆինանսական աջակցություն ստանալ ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերից: Կենտրոնի մասնագետներն այժմ ակտիվ աշխատում են մյուս մարզերում, որպեսզի բացահայտեն տեղական հյուրատների կարիքները և հավաքագրեն ցանկացողներին:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին