Հարցազրույց

Ջիվան Գասպարյանը չի բացառում իր 85-ամյա հոբելյանից հետո մեծ բեմից հեռանալը

11 րոպեի ընթերցում

Ջիվան Գասպարյանը չի բացառում իր 85-ամյա հոբելյանից հետո մեծ բեմից հեռանալը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քառակի ոսկե մեդալակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի... կոչումների այս շարքը կարելի է երկար շարունակել դուդուկահար Ջիվան Գասպարյանին բնորոշելիս: Հայկական դուդուկի` ծիրանափողի կախարդական հնչյուններն աշխարհի տարբեր անկյուններում ճանաչելի են դարձել նաեւ նրա կատարումների շնորհիվ: Դուդուկահարը համաշխարհային փառք ձեռք բերեց մասնավորապես «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքից հետո, որտեղ հնչում է հայկական ազգային դուդուկը դասական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երաժիշտը համոզված է, որ ինքն իր օրինակով ապացուցեց մարդկությանը, որ դուդուկը բացառապես հայկական երաժշտական գործիք է: «Արմենպրես»-ի թղթակիցը հյուրընկալվել էր դուդուկի լեգենդար վարպետի տանը` ականատես եղել, թե ինչպես է նա սեփական ձեռքերով վերաթարմացնում իր երաժշտական գործիքերը եւ զրուցել ստեղծագործական տարբերթեմաների շուրջ:

-2012 թվականին , երբ բուռն քննարկվում էին Աբովյան փողոցում դուդուկահարների ( Ջիվան Գասպարյան, Լեւոն Մադոյան եւ Վաչե Հովսեփյան) արձանի մասին տեղադրման լուրը, Դուք նշեցիք, որ չեք ցանկանում, որպեսզի Ձեր արձանը արժանանա Երեւանի կենտրոնում տեղադրված կավե արձանների ճակատագրին: Ի՞նչ փուլում են այժմ արձանի տեղադրման աշխատանքները, համագոծակցո՞ւմ եք արձանի ստեղծման հարցում քանդակագործ Դավիթ Մինասյանի հետ:

- Արձանն արդեն պատրաստման փուլում է, Երեւանի քաղաքապետարանի կողմից արձանի տեղադրման որոշումը կար դեռ տարիներ առաջ: Ես էլ չգիտեմ, թե ինչ պատճառներով մի քանի տարի հետաձգվում է արձանի տեղադրումը: Կարծում եմ, արձանը պատրաստ կլինի իմ ծննդյան հոբելյանից առաջ` հոկտեմբերին, որպեսզի մի գեղեցիկ արարողություն կազմակերպվի Աբովյան փողոցում, ժամանեն արտասահմանյան հյուրեր, շնորհավորեն: Քանդակագործին ես բացատրել եմ, որ դուդուկահարներիցս յուրաքանչյուրն ունի իր ինքնությունը: Դավիթը համաձայնեց, եւ մոտակա երեք-չորս օրերի ընթացքում, կարծում եմ, այս հարցով զբաղվողներս կկարողանանք տեսնել արձանի նախնական տարբերակը: Աբովյան փողոցը պետք է լինի տուրիստական գեղեցիկ փողոց, ոչ թե առեւտրի կենտրոն, այնտեղ պետք է տեղադրված լինեն մեծ արվեստագետների, մարզիկների արձանները, կիսանդիրները, ինչը շատ գեղեցիկ կդիտվի: Աբովյան փողոցը Երեւանի սիրտն է` նախկին Աստաֆյանը, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ: Մենք ապրել ենք այժմյան Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկում` կառուցվող եկեղեցու դիմաց: Այժմ հանգամանքների բերումով եմ ապրում այլ վայրում: Հիշում եմ, թե ինչպես մեր սեփական բակում թախտ էինք տեղադրում` նստելով թթի ծառի տակ: Մենք տան դուռը երբեք չենք փակել, անգամ դռան կողպեք չենք ունեցել դուռը փակելու համար: Այդ պատճառով իմ ցանկությունը մեծ էր, որ արձանը տեղադրվի հենց Աբովյան փողոցում, որովհետեւ որեւէ այլ տեղ այդ արձանը նույն ջերմությունը չի խորհրդանշի: Այսօր շատ երիտասարդներ չգիտեն, թե ովքեր են եղել Լեւոն Մադոյանը կամ Վաչե Հովսեփյանը, ես շատ էի ցանկանում, որ մեր երեքի արձանը կանգնեցվեր եւ այդ կերպ երիտասարդությանը նրանք էլ ճանաչելի լինեն:

- Տարվա կտրվածքով բազմաթիվ հյուրախաղեր եք ունենում աշխարհի մի շարք երկրներում: Առաջիկայում որտե՞ղ եք պատրաստվում համերգներով հանդես գալ, ստեղծագոծական ի՞նչծրագրեր ունենք:

- Մոսկվայում էի, եվրոպական մի շարք երկրներում վերջերս համերգներ ունեցա: Առաջիկայում պատրաստվում եմ «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին «Октябрьский» համերգային դահլիճում մասնակցել գալա համերգի: Հետո նախանշված են համերգներ Իտալիայում, Լվովում եւ ԱՄՆ-ում, որտեղ ծրագրում եմ փոքր-ինչ երկար մնալ` մինչեւ հոկտեմբեր: Այս տարի իմ հոբելյանը կնշվի Մոսկվայում եւ Երեւանում: Այն երկրները, ուր այցելում եմ, ներկայանում եմ շատ լայն համերգային ծրագրով: Իմ թոռռը` երիտասարդ Ջիվանը, չի ցանկանում նմանվի ոչ մեկիս, ցանկանում է միայն իրեն նման լինել: Նա այժմ լուրջ աշխատանքներ է տանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ եւ ամենայն հավանականությամբ հոկտեմբերին համատեղ մի քանի գործեր կներկայացնեն հանդիսատեսին: Շատ բարդ երաժշտական ստեղծագործություններ են, որոնք ոչ բոլորը կարող են նվագել, սակայն իր մոտ ստացվել է: Նվագախմբի դիրիժորը` Սերգեյ Սմբատյանը, հրաշալի դիրիժոր է, երիտասարդ, կիրթ եւ ամենակարեւորը` երաժշտությունը հասկացող: Հավանաբար, այս տարեվերջին «ցտեսություն» կասեմ բեմին, կամ շատ կպակասեցնեմ համերգների թիվը, որովհետեւ արդեն տարիքս «լավ» տարիք է, եւ ցանկանում եմ, որ եթե հեռանամ բեմից, ապա լավ հեռանամ, որպեսզի հանրության մեջ ինձանից միայն լավ հիշողություններ մնան: Տարիքն իր խոսքը ասում է, բայց ես այս տարիքում էլ երկու ժամ համերգ եմ նվագում, բավական լուրջ գործեր, չգիտեմ, թե ինչպես է ինձ մոտ ստացվում: Ես պարզապես ամեն օր մի նորություն եմ փնտրում եւ գործքիների, եւ տեմբրի մեջ, եւ այն հարցում, թե ինչպես նվագել, որպեսզի օտարները ավելի լավ հասկանան: Ամեն նվագ չէ, որ օտարները կհասկանան:

-Կրտսեր Ջիվանը Ձեզ հետ միասին հանդես է գալիս նաեւ դուդուկահարների քառյակում, շարունակում է Ձեր մասնագիտությունը: Ունենո՞ւմ եք ստեղծագործական վեճեր:

- Մենք նման բաներ չունենք: Նա շատ խելացի տղա է, ամեն ինչ անում է մտածված: Նա փորձում է ինչ-որ ստեղծագործություն, հետո հարցնում է ինձնից պետք է նվագել, թե ոչ, եւ ես խորհուրդ եմ տալիս իրեն: Լավ է` ինքն իր ինքնուրույնութունն ունենա, քան կրկնողություն անի: Ժողովրդին պետք է նոր խոսք ասես: Պետք է նվագել նորը` չմոռանալով մեր դասականների` Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Եկմալյանի երաժշտությունը:

Անցյալ տարի Ալմա Աթիում կայացած մրցույթում նա դարձավ դափնեկիր, եւ ժյուրիի անդամները հուզված էին Ջիվանի կատարումից: Ես սա ասում եմ, ոչ թե այն պատճառով, որ նա իմ թոռն է, այլ առաջին հերթին իմ աշակերտն է: Ես տեսնում եմ, որ մենք այսօր շատ լավ, տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ ունենք:

-Պարոն Գասպարյան, հաճախ նշում եք, որ աշխարհին դեռհայտնի չենդուդուկի բոլոր հնարավորությունները: Ի՞նչ նկատի ունեք այս ասելով, եւ արդյո՞ք դուդուկը համադրելի է բոլոր երաժշտական ժանրերի հետ:

- Դուդուկը համադրելի է բոլոր ժանրերի հետ, բայց դա կախված է նրանից, թե ով եւ ինչ ճաշակով, ինչ կերպ է նվագում: Նման գործիք, ինչպես այս հիանալի ծիրանափողն է,աշխարհում գոյություն չունի: Ես ինքնս էլ մասնակցում եմ իմ դուդուկների պատրաստմանը, անձամբ եմ տաշում դրանք: Յուրաքանչյուր գործք իր ձայնն ունի, իր տեմբրը, իր գեղեցկությունը: Մարդ կա մեկ հատ դուդուկ ունի եւ ամբողջ կայնքում նվագում է այդ դուդուկով, ես այդպես չեմ կարող: Առաջին հերթին մեծ ուշադրություն եմ դարձնում դուդուկի ձայնի, հետո նոր կատարողականության վրա: Իմ աշակերտների մեծ մասը ինձ նման են նվագում: Դուդուկը միայն թաղման, տխրության ժամերին նվագելու համար չէ, այլեւ մեծ բեմերի համար: Պատահական չէ, որնվագել եմ աշխարհի ամենամեծ սինֆոնիկ նվագախմբերի հետ Մոսկվայի Մեծ թատրոնում, Լոնդոնի թագավորական պալատում, այլուր: Նախկինում հազվագյուտ մարդիկ էին դուդուկ լսում, հիմնականում գյումրեցիները կամ հին երեւանցիները: Շատ տարիներ առաջ մարդկանց տներում թառը, քամանչան եւ դուդուկը պարտադիր կախված էին պատից, անգամ երբ մարդիկ այդ օրը ճաշին բորշ էին ուտում, լցնում էին մեկ բաժակ գինի եւ դուդուկ նվագում` լավ ժամանակ անցկացնում: 1937 թվականին դուդուկն առաջին անգամ դուրս եկավ բեմ եւ գնալով զարգացավ դուդուկի պատմությունը:

- Համապատասխանո՞ւմ է իրականությանը այն լուրը, որ Դուք եւ Շառլ Ազնավուրը համատեղ երաժշտական ալբոմ եք թողարկելու:

- Շառլը իմ լավ ընկերն է, մենք միմյանց ճանաչում ենք արդեն 40 տարի: Նա իմ կատարումները առաջին անգամ ունկնդրել է Խորհրդային Միության տարիներին, ես էլ բազմիցս ներկա եմ գտնվել նրա համերգներին: Կարծում եմ, նա ներկա կգտնվի հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք իմ հոբելյանական երեկոյին եւ այդ գաղափարը իրականություն կդառնա, եւ մենք համատեղ աշխատանքով կներկայանանք հանդիսատեսին: Այնպես, որ դեռ շատ անակնկալներ են սպասում:

- 2012 թվականի վերջին քննարկվող թեմաներից մեկն այն էր, որ Դուք երաժշտություն եք ձայնագրել հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար, որի նկարահանումները դադարեցվել էին: Ե՞րբ կհանձնվի ֆիլմը հանդիսատեսի դատին:

-Իմ մենեջերը, ով ապրում է Անգլիայում, ինձ ասաց, որ արդեն երեք տարի է, ինչ այս ֆիլմի նկարահանումները դադարեցվել են, եւ որի պատճառը մենք չենք կարողանում իմանալ: Ըստ երեւույթին, պատճառը ֆիլմի` բավական մեծ բյուջեն ունենալն է, սակայն ամենայն հավանականությամբ, երբ աշնանը մեկնեմ ԱՄՆ, ամեն ինչ պարզ կդառնա: Ես ֆիլմը չեմ տեսել, սակայն, կարծում եմ, որ մի բան, որ նախաձեռնվել է Հոլիվուդի կողմից, անպայման շարունակություն կունենա, քանի որ շատ մեծ գումարներ են ծախսվում:

՞նչ եք կարծում, ո՞րն է դուդուկի գլխավոր առանձնահատկությունը, որ անկախ ազգային պատկանելիությունից` ազդում է մարդկանց զգայական դաշտի վրա:

- Դուդուկի ամենակարեւոր հատկությունը, որն ինձ հաջողություն է բերել, եղել է ոչ թե փոփ երաժշտության միջոցով, այլ մեր ավանդական, հայկական, աղբյուրի պես զուլալ երաժշտություն նվագելով: Նվագել եմ ժողովրդական ստեղծագործություններ` կատարելով նաեւ իմպրովիզներ: Կարծում եմ գլխավոր հաջողությունը հենց ազգային տարրերի մեջ է: Դուդուկը շատ ջերմ է ընդունվել ամբողջ աշխարհում, եւ իզուր չէ, որ իմ ողջ ստեղծագործական կյանքում նվագել եմ 20 000 համերգների ընթացքում, 2000-ից ավելի ձայնագրություններ ունեմ:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում