Doing Business:Կին գործարարը հին հայկական ավանդական բաղադրատոմսերն օգտագործում է էկոլոգիապես մաքուր օճառների ստեղծման գործում

6 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին «Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսըօճառների արտադրությամբ զբաղվող դեղագետ Նելլի Ավետիսյանն է, ով սկսնակներին խորհուրդ է տալիս սեփական բիզնեսը հիմնելուց առաջ ոչնչից չվախենալ:

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նելլի Ավետիսյանը մասնագիտությամբ դեղագետ է: Դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ուսումնասիրել է ամբողջ աշխարհի համար արդիական համարվող խմելու ջրի հարցը և պարզել, որ մարդկանց օգտագործած դեղերի որոշակի մասը ջրի միջոցով վերադառնում է նրանց: «Մի մասը մենք են սխալ օգտագործում և լցնում ջուրը, մյուս մասը չի յուրացվում օրգանիզմում: Այնուհետև այդ դեղերով հագեցած ջրով մենք ոռոգում ենք հողամասերը, ինչից հետո դրանք մեզ են վերադառնում բանջարեղենի և կանաչեղենի մեջ: Կամ անասունների կաթնամթերքի տեսքով, երբ կովերն ուտում են այդ ջրով ոռոգված դաշտերի խոտը»,- ասում է Ավետիսյանը:

Ուսումնասիրել են տարբեր վայրերում հավաքվող և վերամշակվող ջուրը: Սակայն ճշգրիտ ուսումնասիրություն անելու համար, պարզվել է, Հայաստանում տեխնիկապես հնարավորություն չկա. բոլոր նյութերը հայտնաբերվում են նանոգրամների հետազոտության միջոցով: Սակայն Նելլի Ավետիսյանը չի ընկրկել: Նա անցկացրել է սեփական հետազոտությունը և պարզել, որ Հայաստանի ջրի մեջ ամենաշատը և ամենավնասակար նյութը որ հայտնվում է, տրիկլոզանն է: Այն, ըստ դեղագետի, օգտագործվում է օճառի, լվացքի փոշու և այլ մաքրող միջոցների արտադրության մեջ:

Մաքուր օճառ ստեղծելու գաղափարն առաջացել է ինքնըստինքյան: «Ես հիմա երբ հիշում եմ, Ամերիկայում մի անգամ տեսա մի խանութ, որտեղ ներկայացված էր օճառների մի վահանակ: Ինձ ասացին, որ այնտեղ ներկայացված են մաքուր օճառներ: Ես սկսեցի սինթեզել այն մաքուր յուղերը, որոնք մենք օգտագործում ենք, որպեսզի ստանամ մաքուր օճառ»,- հիշում է Նելլի Ավետիսյանը: Առաջին փորձերը հաջող են ստացվում: Փոքր ծավալի մաքուր օճառ ստանալուց հետո Նելլի Ավետիսյանը մտածել է, թե ինչպես կարելի է այդ օճառներին ազգային` հայկական կերպար հաղորդել:

«Մտածեցի, որ կարելի է գնալ, ավանդական դեղատոմսեր գտնել, Մատենադարանում պրպտել. էստեղ իմ մեջ դեղագործն էլ խոսեց: Մտածեցի իսկ եթե ես օճառների մեջ դնեմ ինչ-որ դեղատոմս, որոնք մաշկային խնդիրներ էլ կլուծեն»,- պարզաբանում է դեղագետը: Որոնումները նրան տարել են դեպի 15-րդ դարի հայ գործիչ Ամիրդովլաթ Ամասիացու ձեռագրերը, որտեղ Նելլի Ավետիսյանը հայտնաբերել է օճառի բաղադրատոմս: Այդպես ստեղծվել է «Ամասիացի» օճառը: Հաջորդ օճառները ստեղծվել են Մխիթար Սեբաստացու և Մխիթար Հերացու բաղադրատոմսերով և նրանց անուններով: «Հաջորդը մտածեցի նաև Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերի մասին, որպեսզի մենք այլևս չհպարտանանք Մեռյալ ծովի աղերով և այլ օգտակար հանածոներով: Օրինակ` ես հիմա կատալոգում ունեմ Կավճին անունով օճառ: Գեղարքունիքի ժողովուրդը կավճին է անվանում կավը, իսկ այդ օճառի հիմքում հենց այնտեղի կավն է: Կամ օրինակ` վանակատ հրաբխային ապարը, որը օդի հետ շփվելիս անմիջապես սառչում է: Ես ունեմ օճառ, որը սառը մեթոդով եմ ստանում և այն անվանեցի «Վանակատ»: Եվ ես ձգտում եմ, որ ամեն օճառ ունենա իր պատմությունը, մի փոքր պատմություն բերի անցյալից»,- բացահայտում է Ավետիսյանը: Նա իր նորարարությունների համար 2013 ապրիլի 5-ին ստացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակը` «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» անվանակարգում:

Ամբողջ արտադրանքը ստացվում է ձեռքի աշխատանքով: 56-ամյա Նելլի Ավետիսյանը շեշտում է, որ չնայած ցանկանում է ընդլայնել արտադրությունը, բայց ձգտում է, որպեսզի պահպանվի ձեռքի աշխատանքը: Ասում է` ամբողջ յուրահատկությունը և առանձնահատկությունները ձեռքի աշխատանքի շնորհիվ են ստացվում: Օճառների արտադրությունն արդեն գործում է երրորդ տարին անընդմեջ:

Բարդություններ էլ կան: Դեղաբույսերը Նելլի Ավետիսյանը կարողանում է հեշտությամբ գտնել: Սակայն եթերայուղերը ստիպված ներմուծում է ԱՄՆ-ից: Իրացման հարցում ևս կան բարդություններ: Օճառները ձեռքի աշխատանք են, ուստի չեն կարող էժան լինել: Այժմ Ավետիսյանն իր սպառողներին գտնում է վճարունակ խավի շրջանակում: Սակայն մտադիր է հետագայում Հայաստանում տարածել էկո օճառի օգտագործման գաղափարը: Դա, ըստ նրա, կստեղծի պահանջարկ, ինչն էլ կիջեցնի իր արտադրանքի գինը և ավելի մատչելի կդառնա մյուսների համար:

Չվախենալ: Դա այն խորհուրդն է, որ Ավետիսյանը տալիս է երիտասարդներին և նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց բիզնեսը: «Ես չվախեցա օրենքների անկատար լինելուց, խստությունից: Հիմա պետությունը պետք է օժանդակի և հպարտ կլինի, որ ազգային նման բրենդ ենք ստեղծել և զարգացնում: Իմ միակ մտավախությունն այն է, որ ես ստիպված չլինեմ օրենքների ավելի խստացման պատճառով դադարեցնել գործունեությունը»,- մտահոգվում է փորձառու գիտնական-գործարարը:

Ընտանիքում բոլորը դեղագետ և դեղագործ են. ամուսինը շատ է օգնում օճառների սինթեզման ընթացքում, որդու գիտելիքը ևս օգտակար է լինում նոր օճառներ ստանալու գործում: Ասում է` երբ ընդունվել է դեղագործական ֆակուլտետ, չի մտածել, որ այսօր կզբաղվի այդ գործով: Սակայն, ըստ Ավետիսյանի, Աստծո նախախնամությամբ համալսարանական գիտելիքն այսօր ընկած է նոր արժեք ստեղծելու հիմքում:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին