Հովիկ Աբրահամյանն առաջարկում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ-ի հաշվետվությունն ուղարկել ՀՀ դատախազություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հունիսի 18-ի նիստում ԱԺ նախագահը շեշտեց, որ իրենց համար անընդունելի է, որ Վերահսկիչ պալատը ներկայացնի փաստեր չարաշահումների մասին, և իրենք լռեն:
«Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն, որն այդ գործընթացի մասին կտեղեկացնի Ազգային ժողովին, Վերահսկիչ պալատին և կառավարությանը: Բացի այդ, մարդիկ կան, ովքեր հիմնավորում են, որ նման խախտումներ չեն եղել: Այս ամբիոնից պետք է հնչեն միայն հիմնավոր մեղադրանքներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև շահագրգիռ և սուր համարեց քննարկումները Ազգային ժողովում:«Քաղաքական մեծամասությունն ինքն է խոսում իր սխալների մասին, միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել: Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ: Մենք որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չունենք: Ակնկալում ենք, որ պատկան մարմինները պետք է պատասխանատվության ենթարկեն չարաշահումներ կատարողներին»,- ասաց Աբրահամյանը:
Նա նաև առաջարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվետությունը քննարկել ԱԺ համապատասխան հանձնաժողովներում: «ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է կատարել փոփոխություններ, որպեսզի քննարկումներին մասնակցեն նաև կառավարության և գխավոր դատախազության անդամները»,- նշեց ԱԺ նախագահը:
Նա նաև հավելեց, որ չարաշահումներն արմատախիլ անելու բանալին Վերահսկիչ պալատի, Ազգային ժողովի, կառավարության և դատախազության համագործակցությունն է:
«Ես առաջարկում եմ կառավարությանը, վերահսկիչ պալատին միասին քննարկել և ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը կբացառի չարաշահումները»,- շեշտեց Աբրահամյանը:
ՀՀ վերահսկիչ պալատն իր 2012թ.-ի հաշվետվությամբ բազմաթիվ խախտումներ և բացթողումներ է արձանագրել, մասնավորապես, քաղաքաշինության, գնումների և ճանապարհաշինարարության ոլորտներում: