Իսպանիայում Էդվարդ Նալբանդյանն ունեցել է հանդիպումների և քննարկումների լայն շրջանակ
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում հունիսի 17-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ: Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու նպատակով:
Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր ե փոխանակել միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվել է Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։ Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարար Գարիսա-Մարգալյոն տեղեկացրել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։ Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների և այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
Նախարար Գարսիա-Մարգալյոն ընդունել է Հայաստանի արտգործնախարարի Երևան պատասխան այցելություն կատարելու հրավերը: Էդվարդ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը»:
Համաձայնագրով նախատեսված են երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի հրապարակումներ, մատենագիտական նյութերի փոխանակումներ, համագործակցության զարգացում երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև դերասանական խմբերի և մենակատարների փոխանակումներ։
Փաստաթղթով կողմերը պարտավորվում են հնարավորություն ընձեռել միմյանց քաղաքացիներին մուտք ունենալ պետական գրադարաններ, արխիվներ և այլ մշակութային, կրթական և գիտական հաստատություններ։ Նախատեսվում է համագործակցություն հաստատել երկու պետությունների գիտնականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև, օժանդակել դասագրքերի և այլ ուսումնական նյութերի փոխանակմանը պատմության, աշխարհագրության, մշակույթի, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերո-Մարկեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս Ալոնսոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների միջև փոխգործակցությանը։
Մադրիդում նախարար Նալբանդյանն այցելել է Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կենտրոնակայան և հանդիպել կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Թալեբ Ռիֆային նշել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան կատարած իր երկու այցելությունները և բովանդակային քննարկումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է, և վերահաստատել կազմակերպության օժանդակությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերին:
Նախարար Նալբանդյանը իր հերթին գոհունակությամբ նշել է, որ ԶՀԿ և Հայատանի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն և հայկական կողմը շահագրգռված է դրա առավել ընդլայնման մեջ։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել հեղինակավոր քաղաքագիտական կենտրոն Մադրիդի ակումբում, որին ներկա էին իսպանական առաջատար քաղաքագետներ և փորձագետներ։ Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում և հարցերին պատասխաններում հանգամանալից ներկայացրել է Իսպանիա իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Ավարտելով այցելությունը Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Երևան։