Տիգրան Սարգսյանը ժամանակ չունի մտածելու անձնական կարիերայի մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակ չի ունեցել մտածելու անձնական կարիերայի մասին: «Վարչապետի պաշտոնը այնպիսի պաշտոն է, որը երբեք ժամանակ չի ընձեռում մտածելու անձնական ապագայի մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` վարչապետը գիշեր-ցերեկ հոսանքի մեջ է եւ պետք է լուծի ամենօրյա խնդիրներ` մտածելով երկրի ապագայի մասին:«Մենք այսօր այնպիսի ծրագրեր ենք մշակում, որոնք երկարաժամկետ են` 5-20 տարիների համար: Կարծում եմ, որ նաեւ նախորդ վարչապետերը ժամանակ չեն ունեցել, եւ վարչապետի ճակատագիրն է այդպես, որ ինքը երբեք ժամանակ չի ունենում իր անձնական կարիերայի մասին մտածելու»,- պարզաբանեց Սարգսյանը: Նրա գնահատմամբ` ակնհայտ է, որ վարչապետերի երկարակեցության խնդիրը սկսում են քննարկել քաղաքական դաշտում յուրաքանչյուր տարի:«Աշնանային եւ գարնանային քաղաքական սեզոնները սկսվում են այն խոսակցությունից, որ շուտով լինելու է վարչապետի հրաժարականը: Երբ ես նշանակվեցի Կենտրոնական բանկի նախագահ, ասացին թե միեւնույնն է մի քանի ամսից հանելու են ինձ, եւ դա տեւեց տասը տարի, երբ նշանակվեցի վարչապետ, ասացին նորից` մի վեց ամիս հետո կհանեն»,- հիշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ եթե վարչապետը սկսի մտածել իր անձնական ապագայի մասին, ապա չի կարողանա արդյունավետ աշխատել:
«Այդ պատճառով այդպիսի հարց իմ օրակարգում գոյություն չունի: Գոյություն ունի միայն մեկ հարց` քրտնաջան ամենօրյա աշխատանք, որի արդյունքները պետք է դառնան տեսանելի մեր քաղաքացիների համար»,- շեշտեց վարչապետը` հավելելով, որ ինքն առաջիկայում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի ապրիլի 9-ին: ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013 թվականի ապրիլի 19-ին վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում: