Doing Business: Հաջողակ կին գործարարի համար բիզնեսում չկան անհաղթահարելի խոչընդոտներ

6 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» մրցանակին արժանացած թրենինգային և խորհրդատվական ընկերության հիմնադիր Արևիկ Սարգսյանն է, ով սկսնակներին և ապագա գործարարներին խորհուրդ է տալիս գործը սկսելուց առաջ անպայման գործարար գիտելիքներ ձեռք բերել:

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևիկ, Լիլիթ և Աննա անունով ընկերուհիները 1994 թվականին միավորվել և ստեղծել են այսօր Հայաստանում հայտնի «ԱՐԼԻԱՆ» թրենինգային և խորհրդատվական ընկերությունը: Գաղափարը եղել է Արևիկ Սարգսյանինը: Նրա եղբայր Արսենն ընկերության հիմնադրումից երկու տարի առաջ Մոսկվայից ուղարկել էր հանրային կապերի մասին Սեմ Բլեքի հեղինակած գրքերից մեկը: «Գիրքը շատ հետաքրքրեց ինձ: Այն ժամանակ բոլորիս համար մարկետինգ, PR և նման հասկացությունները դեռ նոր էին: Երբ ես իմ շրջապատում առաջարկում էի ստեղծել բիզնես խորհրդատվական կազմակերպություն, բոլորը ծիծաղում էին, թե` երկրում բիզնես չկա, ի՞նչ բիզնես խորհրդատվական կազմակերպության մասին է խոսքը»,- հիշում է 47-ամյա Արևիկ Սարգսյանը:

Առաջին պատվերը, որն էլ դարձել է ընկերությունը գրանցելու և կնիքը ձեռք բերելու առիթը, եղել է Արմենիա (ներկայում` Մարիոթ) հյուրանոցի համար հանրային կապերի խորհրդատվական ծրագիրը: Դրանից հետո ավելացել են թե ծառայությունների շրջանակը և թե պատվիրատուների քանակը: Հանրային կապերին գումարվել են սոցիոլոգիական հետազոտությունը, բիզնես խորհրդատվությունը, դասընթացները և այլ ծառայություններ:

Ընկերության հպարտությունն է նաև պետական գերատեսչությունների հետ սերտ գործակցությունը: Արդեն մի քանի տարի «ԱՐԼԻԱՆԸ» Զբաղվածության պետական ծառայություն գործակալության հետ գործընկերության շրջանակում Հայաստանի գործազուրկների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ Երևանում և մարզերում:

2013թ. ապրիլի 5-ին հենց դասընթացների ոլորտի նորարարությունների համար Արևիկ Սարգսյանին շնորհվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակը` «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» անվանակարգում: Որպես կին գործարար` Արևիկ Սարգսյանը չի առանձնացնում բարդությունները կանանց և տղամարդկանց համար. «Դրանք ընդհանուր են բոլորի համար: Բիզնեսում չկան անհաղթահարելի խոչընդոտներ»,- վստահ է Սարգսյանը: Սակայն, ըստ նրա, կա մի երևույթ, որը ոչ թե բարդություն կամ խոչընդոտ է, այլ պարզապես տհաճ հայ իրականության համար: «Հաճախ մեր ընկերությունները նախընտրում են արտասահմանյան բրենդային ընկերություններին վճարել շատ բարձր գին` անտեսելով մեր տեղական ընկերությունների ծառայությունները: Սակայն իրականում այդ բրենդային ընկերությունների մատուցած ծառայությունների որակը ոչ թե առավել չէ, այլ նույնիսկ որոշ առումներով զիջում է մեր մատուցած ծառայություններին»,- արձանագրում է փորձառու գործարարը:

Սկսնակներին և ապագա գործարարներին Արևիկ Սարգսյանը խորհուրդ է տալիս գործը սկսելուց առաջ անպայման ստանալ գործարար գիտելիք: Ըստ նրա, որքան էլ որևէ մեկն ունենա մասնագիտական գիտելիք, բիզնես սկսելուց առաջ պետք է ստանալ նաև բիզնեսը վարելու գիտելիքը և հմտությունները: «Բիզնես դասընթացների ժամանակ տեղի է ունենում կարևորագույն մի բան, որը այլ պարագայում տեղի չի ունենում: Կոտրվում է վախը: Մարդ ձեռք է բերում հատկություններ, ինչը սովորաբար այլ վայրերում, տեղի չի ունենում: Ասում են` գործարարներն այլ մարդկանցից տարբերվում են ժպիտով, բայց դա դեմքի ժպիտը չէ, այլ ներքին հոգեվիճակը»,- շեշտում է դասընթացների մասնագետ Արևիկ Սարգսյանը:

Արևիկ Սարգսյանը դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Նա ռադիոյի և կապի ֆակուլտետում ուսանողներին սովորեցնում է ալեհավաքներ պատրաստելու և նախագծելու տեխնիկան: Նրա նախաձեռնությամբ երիտասարդ գիտնականների, ասպիրանտների ու ուսանողների համար Ճարտարագիտական համալսարանում ստեղծվել է նորարարության և ձեռներեցության դպրոց: Նա նաև Հայաստանի մեծահասակների կրթության ասոցիացիայի նախագահն է:

Արևիկ Սարգսյանն ունի որդի, ապրում է մոր` Մերի Սարգսյան-Հերունու հետ: Տիկին Մերին աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունու քույրն է: Լեզվաբան է, պատրաստել և իրականացրել է «ԱՐԼԻԱՆԻ» դասընթացներից մեկը` «Վաճառքի լեզուն» խորագրով: Արևիկ Սարգսյանի խոսքով` ժամանակի ընթացքում իր հիմնադրած ձեռնարկությունը դարձել է ընտանեկան բիզնես. այնտեղ է աշխատում նաև եղբայրը` Արսեն Սարգսյանը: Նա ասում է, որ Սեմ Բլեքի գիրքը քրոջն ուղարկելով` չի ենթադրել, որ այն կարող է դառնալ նոր գործի հիմնադրման առիթ: «Երբ ես իմացա, որ Արևիկն ընկերություն է հիմնադրել, Եվրոպայում էի աշխատում, աշխատանքս ավարտեցի և վերադարձա Հայաստան ու միացա Արևիկին»,- հիշում է Արսեն Սարգսյանը: Գործի ապագայի հանդեպ լավատեսական է տրամադրված: Խորհրդատվական դաշտը խոշոր ներդրում չի պահանջում, ասում է, դու վաճառում ես քո գիտելիքը` առանց ֆինանսական լուրջ ներդրում անելու:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին