Մարդինի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին ճանաչվել է Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձաններից մեկը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպա Նոստրան» կազմակերպությունը հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպությունից, յոթնյակում ընդգրկված է նաեւ Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որը ներկայացված է Թուրքիայի կողմից: Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակում տեղ են գտել նաեւ մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից:
Հանդես գալով խոսքով` Եվրոպա Նոստրայի նախագահ Պլաչիդո Դոմինգոն, մասնավորապես, նշել է.«Այս հուշարձաններն ու վայրերն ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պատմում են մեր ընդհանուր անցյալը, այլ նաև այն պատճառով, որ դրանք թանկ են դրանց պահպանության համար պարտավորություն կրող տեղական համայնքների համար»:
«Եվրոպա Նոստրայի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է. «Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության այդ գանձերը սպառնալից վիճակում են հայտնվել անհրաժեշտ ֆոնդերի կամ փորձաքննության բացակայության, վատ պլանավորման, անփութության, բնական աղետների և կամ քաղաքական կոնֆլիկտների հետևանքով: Շուրջ 15 դարեր Սուրբ Գևորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգևոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. և օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչև 1915 թվականը` մինչև հայերի կողմից քաղաքը լքելը»: Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը Եվրոպա Նոստրային է ներկայացրել Թուրքիայի Եվրոպա Նոստրան` Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ:
«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, որի շրջանակում 21 եվրոպական երկրներ ներկայացրել են 40 թեկնածություններ: Այս ծրագրին աջակցում է Եվրոպայի հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը` Եվրոպական ներդրումային բանկը: