«Արմավիա» ավիաընկերության «օդի տուրքի» գծով պարտքը 5 մլրդ 400 մլն դրամ է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ավիաընկերության «օդի տուրքի» գծով պարտավորությունը կազմում է 5 մլրդ 400 մլն դրամ:Այս մասին Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցապնդմանը:
«2009 թվականից «օդի տուրքի» գումարները ներառվել են ավիատոմսերի արժեքի մեջ և ըստ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը ներկայացրած հաշվետվությունների` հաշվեգրվել է 9,5 մլրդ դրամի պետական տուրք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ գոյություն ունի վեճ հաշվարկված տույժ-տուգանքների մասով, և այս պահի դրությամբ պետությունը դատական հայցով դիմել է դատարան` համապատասխան տույժ-տուգանքները գանձելու համար:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կառավարությանը այս թեմայով գրավոր հարցապնդում էր ուղարկվել:«Մեզ հետաքրքրում էր, թե 2009 թվականից մինչև այսօր օդի համար գանձնող որքան գումար է մուտքագրվել բյուջե և որքան է կազմում «Արմավիա» ընկերության պարտքը պետական բյուջեին»,- նշեց Մարգարյանը: Նա նշեց նաեւ, որ պետական բյուջե է մուտքագրվել օդի համար գանձվող 24 մլրդ 336 մլն դրամ:
««Արմավիա» ավիաընկերությունը օդի տուրքի համար գանձել է 9 մլրդ 561 մլն դրամ: «Արմավիա»-ն դեռ դատարանի կողմից սնանկ չի ճանաչվել և դեռ պարզ չէ, թե այդ գումարի որ չափն է մուծվել պետական բյուջե»,- նշեց ՕԵԿ պատգամավորը:
«Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց: Ավիափոխադրող ընկերությունը վաճառում է գույքն ու ինքնաթիռները՝ կուտակված պարտքերը մարելու համար:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել չվերթերի ավելացման վերաբերյալ` «Ավստրիական ավիաուղիներ»-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիներ»-ը` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական «ԼՈՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթերի իրականացում: