Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելն առավելություն է
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի` աշխարհի տարբեր անկյուններում եւ ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներն ամփոփվել են հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարեւ ձեզ» խորագրով ցուցահանդեսում: Հանդիսավոր բացմանը նախորդած ասուլիսում Գյուլերը նշեց, որ շնորհակալ է ցուցահանդեսի կամզակերպման համար: «Ես բերել եմ ձեզ ցույց տալու 130 պատկերներ, սակայն ցուցահանդեսում տեղ գտան միայն 100-ը, քանի որ մնացածը չտեղավորվեցին ցուցահանդեսում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`անկեղծորեն պատմեց լուսանկարիչը:
Նրա գնահատմամբ` վերջին ժամանակներում շատերը շփոթվում են լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող մասնագիտությունները, մինչդեռ դրանք տարբերվում են իրարից եւ նույն աշխատանքը չեն ենթադրում: «Լուսանկարչությունն արվեստ չէ, այլ իրականությունն է, այնպիսին, ինչպիսին կա»,- նշեց լուսանկարիչը:

«Կինոն ավեստ է, որովհետեւ ռեժիսորը մտածում է սցենարի վրա, մինչդեռ լուսանկարը եղած բան է, այն պատկերում է իրականությունը, սուտ չէ»,- հավելեց Գյուլերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի առաջիկայում` նա նշեց, որ արդեն 85 տարեկան է եւ առաջկա գլոբալ ծրագրեր չունի: Գյուլերը նշեց, որ իր ստեղծագործական կյանքում ազգությամբ հայ լինելը իրեն երբեք չի խանգարել, փոխարենը` դա առավելություն էր նրա համար: «Ես միշտ երջանկության հետեւից վազեցի, բայց երբեք չկարողացա այն գտնել, երեւի երջանկությունն այն է, ինչ ես տեսնում եմ լուսանկարչական օբյեկտիվի միջից»,- ասաց Գյուլերը: Նրա խոսքով` իր լուսանկարներում պատկերված մարդկանց, դերասանուհիների գեղեցկությունն անցողիկ է, փոխարենը կարեւոր է նրանց էությունը, խառնվածքը, որը միշտ պետք է արտացոլվի լուսանկարում:Գյուլերը պատմեց, որ կյանքում երկու անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը` լուսանկարներ անելու նպատակով:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսի գաղափարը առաջացել էր մարտին Ստամբուլ կատարած այցի ընթացքում, եւ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել մեծ վարպետին Հայաստանում:
«Ստամբուլի աչք» անունն ստացած Գյուլերը ավելի քան 800 հազար լուսանկարների հեղինակ է: ՆաՀայաստանին ու Թուրքիային բարեկամություն է մաղթում: Դարի լավագույն լուսանկարիչը հայաստանյան ցուցահանդեսից հետո իր աշխատանքները կնվիրի Հայաստանի Հանրապետությանը:

Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951 թվականին ավարտել է Կեդրոնական հայկական վարժարանը, ապա` կիոստուդիաներում աշակերտել է նշանավոր Մուհիս Էրթուղրուլին: Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է գործել կինոն. երազել է դառնալ ռեժիսոր եւ սցենարիստ: Նրա մի քանի պատմվածքներ հրատարակվել են գրական ամսագրերում եւ հայկական թերթերում: 2009 թվականին Թուրքիայի ազգային ժողովի կողմից Գյուլերը ստացել է մեծ մրցանակ` մատուցած բացառիկ ծառայության համար: 2009 թվականին ԱՄՆ-ում «Լյուսի» հիմնադրամը շնորհել է Կենդանության օրոք ձեռքբերումների մրցանակ եւ 2011 թվականին մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մրցանկը` մշակույթի եւ արվեստի ոլորտներում մատուցած ծառայության համար: 2012 թվականին Արա Գյուլերը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիան Գյուլերին շնորհեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում: Գյուլերի մասին գրվել է ութ դոկտորական թեզ: Լուսանկարիչը ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր:
Այսօր երեկոյան նախատեսվում է նաեւ Ազգային պատկերասրահում ցուցադրել Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմ:




