ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թ.-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թ.-ին:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Այս օրվանից բացի, փոքրիներին է նվիրված նաև երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին:
Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացի դրանից, վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:
Հայաստանում հունիսի 1-ը փորձում են իսկական տոն դարձնել երեխաների համար մի շարք մշակութային և ժամանցային վայրեր: Կազմակերպվում են բազմապիսի միջոցառումներ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով:
Օրը երեխաներինն է, դարձնենք այն տոն նրանց համար: