ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ից 20-ը գտնվում էր Թբիլիսիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Հունան Պողոսյանը, փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքները եւ հրավերը, կարեւորել է երկու հարեւան երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը:Հունան Պողոսյանը եւ Իրակլի Գարիբաշվիլին քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու գերատեսչությունների համագործակցության առավել ճկուն ձեւեր կիրառելու եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները` նշելով, որ ընդգրկուն համագործակցության շնորհիվ առավել դյուրին կդառնա հանցաշխարհի մարտահրավերներին դիմագրավելը: